22:40  ,  30 մարտի, 2023

«Ալաշկերտի» նախագահ․ Չանչարևիչը գերազանցում է Հայաստանի հավաքականի մյուս դարպասապահներին

Երեւանի «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը անդրադարձել է Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի թերահավատ վերաբերմունքին «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչի հնարավոր հրավերին ազգային թիմ։

Հայաստան - Կիպրոս (2:2) ընկերական խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, պատասխանելով Ազգային թիմում դարպասապահների խնդրի և «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հնարավոր հրավերի մասին հարցին, ասել էր հետևյալը․

««Ալաշկերտի» սերբ դարպասապահը 34 տարեկան է, շուտով 35 կդառնա։

«Արարատ-Արմենիայի» ռուս դարպասապահ Երմակովի հարցին կանդրադառնանք ամռանը:

Գտել ենք 18-ամյա հայ դարպասապահի Բրազիլիայում, որին ցանկանում են հրավիրել նաև Բրազիլիայի Մ-20 հավաքական։ Ֆեդերացիան աշխատում է այդ ուղղությամբ»։

Բագրատ Նավոյանը մեկնաբանել է Պետրակովի պատասխանը։

«Մեծագույն հարգանք եմ տածում պարոն Պետրակովի նկատմամբ, սակայն մեր հավաքականի մարզիչի վերջին խոսքերն ինձ, և վստահ եմ շատերի մոտ, տարակուսանք առաջացրեցին։

Նախ կցանկանամ ընդգծել, որ Օգնյեն Չանչարևիչը 33 տարեկան է, այլ ոչ թե 34:

Բացի այդ, բոլորս գիտենք, որ դա դարպասապահի համար ծաղկուն տարիք է․ Շատ են օրինակները, երբ դարպասապահներն իրենց կարիերայի գագաթնակետին են հասել 33-35 ընկած ժամանակահատվածում։

Շատ հեռուն չգնանք․ Բոլորս հիշում ենք, որ մեր ազգային թիմի դարպասը մինչև 41 տարեկանը պաշտպանում էր լեգենդար Ռոման Բերեզովսկին, ով ներկայումս հանդիսանում է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչը և որի՝ կարիերան ավարտելուց հետո մինչ այսօր լիարժեք չի ստացվել լուծել դարպասապահի խնդիրը։

Օգնյեն Չանչարևիչը «Ալաշկերտ» և Հայաստան տեղափոխվելուց հետո անչափ նվիրված է եղել մեր ակումբին, հետաքրքվել է մեր երկրի մշակույթով, օժտված է շատ լավ մարդկային որակներով և նույնիսկ որոշ չափով տիրապետում է հայերենին, խաղերի ժամանակ հուշումները կատարում է բացառապես հայերեն։

Սակայն, հավաքականի մարզչի նման՝ ըստ էության, Չանչարևիչին որպես հավաքականի թեկնածու դիտարկելու հարցը փակող պատասխանը, կարող է շատ վատ անդրադառնալ մեր երկրին մերված և մեր Ազգային թիմը ներկայացնել մեծ ցանկություն ունեցող դարպասապահի վրա։

Վստահ եմ, որ այս պահի դրությամբ Օգնյեն Չանչարևիչն իր խաղային որակներով ակնհայտորեն գերազանցում է Հայաստանի հավաքականի մյուս դարպասապահներին և կարող է մեծ օգուտ տալ Ազգային թիմին։ Նաև վստահ եմ, որ այդ կարծիքս կիսում են ֆուտբոլային մասնագետների և երկրպագուների մեծամասնությունը։

Կարծում եմ, որ հավաքական հրավիրված Տարոն Ոսկանյանից, ինչպես նաև՝ Չանչարևիչից զատ, «Ալաշկերտում» կան էլի ֆուտբոլիստներ, որոնք կարող են օգնել Հայաստանի հավաքականին։

Խոսքս, առաջին հերթին, Արտակ Գրիգորյանի մասին է, ով Ազգային հավաքականում անցկացրել է 52 հանդիպում և այսօր էլ իր հսկայական փորձով, հուշումներով և նույնիսկ հանդերձարանում ներկայությամբ կարող էր օգտակար լինել Հայաստանին։

Եթե արժանի հայ ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն, այդ դեպքում էլ ինչու՞ է գործում խաղադաշտում պարտադիր 3 հայ ֆուտբոլիստներ ունենալու լիմիտը, որն «Ալաշկերտը» կատարում և պարտաճանաչ կերպով գերակատարում է։

Կարծում եմ, որ այսպիսի քննարկումները և կարծիքների փոխանակումն օգտակար են մեր երկրում ֆուտբոլի զարգացման համար։ Ես՝ որպես հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարող անձնավորություն, մեր հավաքականի և ֆուտբոլի մեծ երկրպագու, լիահույս եմ, որ համատեղ ուժերով կբռնենք հաղթանակների ուղին»,- Բագրան Նավոյանի խոսքը մեջբերում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Օգնյեն Չանչարևիչը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 25-ին Սերբիայի Ուժիցե քաղաքում, հանդես է եկել տեղի Պրեմիեր լիգայի թիմերում (143 խաղ):

2017/2018 թվականից «Ալաշկերտը» ներկայացնող Չանչարևիչն արդեն իրավունք ունի ստանալու Հայաստանի քաղաքացիություն և համալրելու Հայաստանի հավաքականը։

«Ալաշկերտի» կազմում սերբ դարպասապահն անցկացրել է 168 պաշտոնական հանդիպում, որոնցից 21-ը եվրոպական ակումբային մրցաշարերում։

Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլում սերբ դարպասապահի տպավորիչ սեյվերից մեկը ՈւԵՖԱ-ն ընդգրկել էր շաբաթվա լավագույնների թվում։

2017-ին Չանչարևիչը հրավիրվել է նաև Սերբիայի ազգային հավաքական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով