18:06  ,  30 մարտի, 2023

Էրիկ Փիլոյանը՝ Հայաստանի հավաքականում նորամուտի մասին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը Կիպրոսի թիմի հետ ընկերական խաղում նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում։ Ֆուտբոլիստը տպավորությունների մասին պատմել է «Ուրարտուի» մամուլի ծառայությանը։

Նորամուտի մասին

«Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի հավաքականի կազմում, ինձ թվում է դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Ճիշտ է, հանդիպումն ընկերական էր, բայց տարբերություն չկա, ամեն խաղում խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար։

Ցավոք, սա մեր ուզած արդյունքը չէր, ոչ-ոքի խաղացինք, բայց ոչինչ կորած չէ։ Կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնեմ ազգային հավաքականում։ Շնորհակալություն բոլորին ինձ աջակցելու ու օգնելու համար»։

Մարզավիճակի եւ հավաքականում նպատակների մասին

«Կարծում եմ, որ հիմա լավ մարզավիճակում եմ: Հավաքի ընթացքում մարզվել եմ նաև շատ փորձառու խաղացողների հետ, շատ բան սովորեցի, ինչը կօգնի ինձ ապագայում։

Կփորձեմ բարելավել մարզավիճակս, քանի որ մեզ շատ կարևոր հանդիպումներ են սպասվում առաջնությունում, բայց թիմը պատրաստ է, բոլորս էլ հասկանում ենք խաղերի լրջությունը, յուրաքանչյուրին դուրս ենք գալու որպես եզրափակչի, պետք է փորձենք գրավել հնարավորինս ամենաբարձր հորիզոնական:

Ընդհանուր առմամբ թիմը լավ մարզավիճակում է, պետք է պահպանենք այդ ամենը և ավելացնենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»։

Խաղաժամանակ ստանալու եւ հավաքականում մթնոլորտի մասին

«Մրցակցությունը թեժ է, քանի որ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են խաղադաշտում լինելուն։ Շնորհակալ եմ մարզիչներին՝ ինձ խաղալու հնարավորություն տալու համար, ես էլ իմ հերթին ամեն ինչ արեցի իրենց վստահությունն արդարացնելու համար։

Մեր թիմում չկան առաջին և երկրորդ կազմեր, բոլորը պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ խաղադաշտ և հնարավորինս օգնել թիմին։ Ե՛վ խաղադաշտում, և՛ դրանից դուրս թիմում մթնոլորտը շատ լավ է, և այդ ամենը լավ է ազդում մեր խաղի վրա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում