21:34  ,  28 մարտի, 2023

Ալեքսանդր Պետրակով․ Լավ խաղ ստացվեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանեց 2:2 հաշվով ոչ ոքի արդյունքը Կիպրոսի հետ տնային ընկերական խաղում։

«Լավ խաղ ստացվեց։ Շատ տեղեկություն ստացա տղաների մասին։ 7 նորեկի փորձարկեցի։ Մարզիչի համար ուսուցողական խաղ էր։ Շատ էի ցանկանում հաղթել։ Ցավոք, չստացվեց։

Խնդրում եմ շատ մի գովեք Ռանոսին։ Հետո կարող է կորի, կես տարի վերադարձնենք նույն վիճակին։ Ես դիտեցի նրա խաղը, վստահեցի, զրուցեցի։ Ստուգողական խաղ էր, շատ գոհ եմ նրա խաղից, բայց պետք չէ գովել։ Լավ մարդկային որակներ ունի, հաճելի է նրա հետ զրուցել, աշխատել։

Հոգնածություն զգացվեց։ 90 րոպե ինտենսիվ ֆուտբոլ խաղալ դեռ չենք կարող։ Այդ պատճառով էլ պրեսինգի շատ չէինք դիմում։

Ադամյանը լավ խաղացող է, հանդես է գալիս Բունդեսլիգայում, բայց այս դասավորությամբ արագությունը չի հերիքում ազատ գոտիներում գնդակը ստանալու համար։ Կշարունակեմ նրա հետ աշխատել։

Բրազիլիայում կա 19-ամյա դարպասապահ, որով հետաքրքրվում ենք։

Երկու հենակետային կիսապաշտպան ունենք ազգային հավաքականի մակարդակի։ Մեծ խնդիր է»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

Հաջորդ պաշտոնական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական խաղում հյուրընկալվելով Ուելսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով