20:53  ,  28 մարտի, 2023

Հայաստան - Կիպրոս՝ 2:2, Ռանոսի դուբլը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականներն ընկերական հանդիպում  անցկացրին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Նորամուտն ազգային թիմում երկու գոլով նշեց Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Առաջին խաղակեսում մեծ տարածքային առավելություն ուներ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի թիմը (67 տոկոս գնդակի վերահսկողություն), սակայն մրցակցի դարպասի մոտ իրական գոլային պահ ստեղծել չհաջողվեց։

Իսկ Կիպրոսի թիմը 43-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասին եւ բացեց հաշիվը (տեսանյութ)։ Անկյունայինից հետո Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի պաշտպան Անդրեաս Կարոն դարձավ գոլի հեղինակ։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հարվածից հետո Կիպրոսի թիմին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Ռանոսը առաջին գոլը խփեց 51-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո (տեսանյութ

59-րդ րոպեին Ռանոսը գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի գերազանց փոխանցումից հետո երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ

83-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց Կիպրոսի «Անորտոսիսի» հարձակվող Դիմիտրիոս Խրիստոֆին։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Կիպրոս՝ 2:2 (տեսանյութ)

Հրանտ-Լեոն Ռանոս, 51, 59 - Անդրեաս Կարո, 43, Դիմիտրիոս Խրիստոֆի, 83

Հեռացում՝ Կոստակիս Արտիմատաս (Կիպրոս), 89

Հայաստան․ Ստանիսլավ Բուչնեւ, Էրիկ Փիլոյան (Գեորգի Հարությունյան, 46), Դավիդ Դավիդյան (Կամո Հովհաննիսյան, 46), Երջանիկ Ղուբասարյան, Վարազդատ Հարոյան,  Նաիր Տիկնիզյան (Ժիրայր Մարգարյան, 78),  Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Տիգրան Բարսեղյան, 65), Սարգիս Ադամյան (Արթուր Սերոբյան, 65), Հրանտ-Լեոն Ռանոս (Ժիրայր Շաղոյան, 65):

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում