19:33  ,  27 մարտի, 2023

Ալեքսանդր Պետրակով․ Թուրքիայի հետ ոչ ոքի արդյունքի խաղ էր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպման նախօրեին ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մեկնաբանել է նաեւ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի տնային խաղում Թուրքիայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը։

«Երեկ աշխատել ենք երկու խմբով։ Թուրքիայի թիմի դեմ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստները վերականգնողական մարզում են անցկացրել, պահեստայինները լիարժեք մարզվել են։ Այսօր մարզման ժամանակ ցուցիչներով կիմանանք ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը։

Կիպրոսը լավ եվրոպական միջին կարգի թիմ է։ Դիտել եմ նրանց հանդիպումը Շոտլանդիայի դեմ։ Վատ տեսք չունեին։ Պաշտպանությունից էին խաղում։ Գրագետ աշխատում է թիմի վրացի գլխավոր մարզիչ Քեցբայան։

Թուրքիայի թիմի հետ հանդիպման մասին խոսելիս, պետք է ասել, որ Թուրքիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացողն իր դիրքում առանձին գերազանցում է Հայաստանի թիմի խաղացողներից։ Նրանք խաղում են Եվրոպայի առաջատար առաջնություններում։ Մեր թիմի խաղացողները մեծ ցանկության շնորհիվ այդ տարբերությունը կրճատեցին։ Այդ պարտությունը իմ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել։

Ոչ ոքի արդյունքի խաղ էր։ Տարոն Ոսկանյանի վնասվածքի դրվագում զարմացած եմ, որ 11-մետրանոց չնշանակեցին, բայց եվրոպական միտում է։ Մրցավարները վիճելի պահերը դիտարկում են ավելի բարձրակարգ թիմի օգտին։ Մրցավարը նույնիսկ VAR-ի օգնության չդիմեց։ Մեր թիմի տղաները նաեւ մանկական սխալներ թույլ տվեցին։

Վաղը Կիպրոսի թիմի հետ ընկերական խաղում կունենանք 6 փոփոխության հնարավորություն։

Կարճ եւ միջին փոխանցումներով խաղալու համար պետք է համապատասխան ֆուտբոլիստներ լինեն թիմում, համապատասխան խաղամակարդակ ունենան։ Մենք պատրաստ չենք։ Ես նույնպես սիրում եմ կարճ փոխանցումներով խաղալ, գնդակը վերահսկել։ Բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ մենք չունենք։

Սպասվում են փորձարկումներ մեկնարկային կազմի եւ փոփոխությունների հետ։ Չգիտեմ՝ հոգեբանորեն ինչպես կհաղթահարեն։ Փոփոխություններ կլինեն։ Ամենագլխավորն այն է, որ ֆուտբոլիստները վստահեն մարզիչին, լսեն, հասկանան։

Թուրքիայի դեմ խաղում գոհ եմ մեր թիմի ֆուտբոլիստների խաղային կարգապահությունից։ Ամբողջ մարզչական շտաբը աշխատել է ֆուտբոլիստների հետ։ Առաջին խաղի համար վատ չխաղացին։ Գոհ եմ տղաների վերաբերմունքից աշխատանքի, ֆուտբոլի նկատմամբ։

Վաղվա խաղն այլ բնույթ ունի։ Հուսով եմ, որ լուրջ մոտեցում կլինի։

Արարատ Մոնրոյը չի մերժել, սակայն նշել է, որ իր համար ծանր շրջան է, ցանկանում է ամրապնդվել ակումբում։ Ես ասացի, որ հաջորդ անգամ կարող է չլինի։ Շաղոյանն ու Սերոբյանը հայտացուցակում չկային։ Նրանց հետ լավ զրույց եմ ունեցել։ Ասել եմ, որ նրանք հավաքականի ապագան են։

Բաբայանը վերադարձել է Դանիա, քանի որ նրա կինը պետք է ծննդաբերի»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

Հայաստան - Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա մարտի 28-ին եւ կմեկնարկի 19:00-ին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Կիպրոսի հավաքականն Իսպանիայի, Նորվեգիայի, Շոտլանդիայի եւ Վրաստանի հետ ընդգրկված է A խմբում։ Առաջին տուրում Կիպրոսի թիմը 0:3 հաշվով պարտվել է շոտլանդացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով