17:43  ,  27 մարտի, 2023

Հրանտ-Լեոն Ռանոս․ Սիրում եմ Հայաստանը եւ շատ հպարտ եմ, որ հայ եմ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մեկնաբանել է հրավերը ազգային թիմ։ Նրա նորամուտը ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմում սպասվում է Կիպրոսի դեմ ընկերական խաղում։

«Ծնվել եմ Հանովերի շրջանի Գերդեն քաղաքում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հորս շնորհիվ: Նա հանդես էր գալիս տեղի փոքր ակումբներից մեկում: Երբեմն գնում էի նրա մարզումներին, նայում էի, թե ինչպես է խաղում։ Այդպես սկսեցի սիրել ֆուտբոլը։

Մեկ տարի հանդես եմ եկել Դորտմունդի «Բորուսիայում», այնուհետեւ ինձ առաջարկով դիմեցին Մյունխենի «Բավարիայից»: Մեկ շաբաթով գնացի այնտեղ, ծանոթացա ամեն ինչին, հասկացա՝ ինչպես է աշխատում համակարգը։ Շատ հավանեցի, պայմանագիր ստորագրեցի եւ տեղափոխվեցի այնտեղ։ Այժմ հանդես եմ գալիս Ռեգիոնալ լիգայում, որտեղ խաղային ինտենսիվությունը շատ բարձր է, մակարդակը բավականին լավն է, հեշտ է զարգացնել խաղային որակները:

Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը հեշտ ընդունեցի: Ես սիրում եմ այս երկիրը եւ շատ հպարտ եմ, որ հայ եմ:

Հավաքականում ամենաշատը շփվում եմ Գերմանիայից եկած խաղացողների՝ Սարգիս Ադամյանի եւ Երջանիկ Ղուբասարյանի հետ: Սաքոն ինձ խորհուրդ է տվել չլարվել եւ փորձել խաղալ իմ ֆուտբոլը: Ես շատ երիտասարդ եմ եւ կանեմ հնարավոր ամեն ինչ թիմին օգնելու համար։

Ալեքսանդր Պետրակովը շատ է սիրում ֆուտբոլը, նա մեծ ցանկություն ունի այստեղ ինչ որ բան փոխել»,- Հրանտ-Լեոն Ռանոսի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին եւ կմեկնարկի 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում