01:39  ,  23 մարտի, 2023

Ժիրու․ Մբապեն կապող օղակ է հավաքականի հին ու նոր սերունդների միջեւ

Ֆրանսիայի հավաքականի եւ իտալական «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն դրական է գնահատել ազգային թիմի ավագի կարգավիճակը փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին վստահելը։ Նա ավագի դերում փոխարինել է դարպասապահ Ուգո Լյորիսին, որն ավարտել է կարիերան ազգային թիմում։ Փոխավագ է դարձել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Մբապեն ցույց է տվել, որ թիմի առաջատարն է։ Հիմա նա ավելի շատ պարտականություններ կունենա, բայց Կիլիանը վայելում է այդ ամենը։ Նա կտարբերվի Ուգո Լյորիսից։

Մբապեն կապող օղակ է հավաքականի հին ու նոր սերունդների միջեւ։ Միայն կարող եմ հաջողություն մաղթել նրան։ Մբապեն պետք է նոր թիմ տանի իր հետեւից»,- Ժիրուի խոսքը մեջբերում է GFFN-ը։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 66 հանդիպում, խփել 36 գոլ։ Նա Ֆրանսիայի թիմի հետ դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2022թ․ աշխարհի փոխչեմպիոն։ Ժիրուն նույնպես դարձել է աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում