21:14  ,  22 մարտի, 2023

Կասանո․ «Ռոման» իտալական ֆուտբոլի խայտառակությունն է

Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» նախկին խաղացող Անտոնիո Կասանոն քննադատել է «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Հիմա «Ռոմայի» մարզիչներին եւ ֆուտբոլիստներին բնորոշ են վիճաբանությունները, վիրավորանքները մրցակիցների նկատմամբ։ Ամեն խաղում ստիպված ենք լինում հետեւել, թե ինչպես են «Ռոմայի» բոլոր պահեստայինները դժգոհություններով դուրս գալիս տեխնիկական գոտուց։

«Ռոման» իտալական ֆուտբոլի խայտառակությունն է։ Նրանք կարող էին գրավել երկրորդ տեղը, բայց Մոուրինյոն Իտալիա վերադառնալուց հետո միայն հետընթաց է ունեցել։

Հռոմեական դերբիում «Լացիոն» առավելագույն ջանք գործադրեց իր ծրագիրը խաղադաշտում իրագործելու համար, իսկ «Ռոման» եւ Դիբալան ճղճիմ տեսք ունեին»,- Կասանոյի խոսքը մեջբերում է Bobo TV-ն։

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» «Լացիոյին» պարտվել էր 0:1 հաշվով եւ 47 միավորով 5-րդն է։ «Լացիոն» երկրորդն է՝ 52 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում