16:09  ,  22 մարտի, 2023

Մեսութ Օզիլն ավարտեց կարիերան

Գերմանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող, թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

«Երկար մտածելուց հետո որոշեցի ավարտել կարիերաս։ Բարեբախտություն եմ ունեցել գրեթե 17 տարի լինել ֆուտբոլիստ, սակայն վերջին մի քանի ամիսներին, վնասվածքների պատճառով ծագած դժվարությունները ստիպեցին ընդունել, որ հեռանալու ժամանակն է։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ակումբներիս՝ «Շալկեին», «Վերդերին», «Ռեալին», «Արսենալին», «Ֆեներբահչեին», «Իստանբուլ Բաշակշեհիրին»։ Այժմ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Օզիլը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, «Վերդերի» հետ՝ Գերմանիայի գավաթակիր, «Ռեալի» հետ՝ Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Արսենալի» հետ՝ Անգլիայի եռակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս