14:20  ,  22 մարտի, 2023

Ուսեյն Բոլթը շնորհակալություն է հայտնել Տեն Հագին

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը շնորհակալություն է հայտնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Բոլթը մանչեսթերյան ակումբի երկրպագու է։

«Տեն Հագին հանդիպելիս առաջին հերթին շնորհակալություն հայտնեցի։ Նա չհասկացավ, թե ինչի համար եմ շնորհակալություն հայտնում։ Ես ասացի․ «Ակումբի փառավոր օրերը վերադարձնելու համար»։ Նաեւ հարցրեցի, թե ում է ցանկանում «Մանչեսթեր Յունայթեդը» գնել ամռանը։ Տեն Հագը պատասխանեց հարցով, թե ում եմ ես ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այդպիսի հասարակ եւ զվարճալի զրույց ստացվեց։

Հիմա հաճելի է հետեւել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին։ Երեւում է նպատակասլացություն։ Հրաշալի մրցաշրջան է թիմի համար։ Բոլոր խաղացողներն առաջադիմում են»,- Բոլթի խոսքը մեջբերում է Metro-ն։

Անգլիայի առաջնության 26 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երրորդ տեղում է եւ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» (27 խաղ) հետ է 11 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում