13:49  ,  20 մարտի, 2023

Արմեն Բաբալարյան․ Ադրբեջանցին որակազրկվելուց հետո իր մարզիչի հետ մոտեցավ մեզ եւ ներողություն խնդրեց

Ադրբեջանցի ըմբիշը որակազրկվելուց հետո իր մարզիչի հետ մոտեցավ մեզ եւ ներողություն խնդրեց։ Նրա մարզիչներն էլ ներողություն խնդրեցին տեղի ունեցածի համար։

Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հավաքականի մարզիչն ամփոփել է Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության արդյունքները, որտեղ Հայաստանի թիմը նվաճեց 1 արծաթե, 3 բրոնզե մեդալներ։ Արծաթե մեդալակիր Կարապետ Մանվելյան, բրոնզե մեդալակիրներ՝ Հայկ Խլոյան, Հովհաննես Հարությունյան եւ Ալբերտ Վարդանյան։

«Ես երբեք գոհ չեմ լինում մարզիկներից։ Մանսակցել ենք 10 ըմբիշով, 4 մեդալով թիմային հաշվարկում  5-րդ տեղն ենք զբաղեցրել։  55 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը դեռ նախորդ տարվանից էր իմ աչքի տակ։ Այս առաջնությունում նա արդարացրեց իմ սպասելիքները, գուցե ոչ լիարժեք, որովհետեւ կարող էր նաեւ հաղթող լինել։ Եզրափակիչում մրցեց ռումինացու հետ, պարտվեց։ Այստեղ մենք մի փոքր թուլացանք, նաեւ մրցավարները օգնեցին մրցակցին։ Կարող էինք նաեւ հաղթել։ Կարապետի մոտ մի փոքր պետք է զարգացնել կամային հատկանիշները։

60 կգ քաշային կարգում 2022 թվականի երիտասադների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանն էր մասնակցում, որը Բուխարեստում վերջին պահին վնասվածք ստացավ։ Նրան նաեւ ինչ-որ բան չբավականացրեց։ Մեր կանխատեսումները եւ Սուրենից սպասելիքներն ավելի շատ էին։

63 կգ քաշային կարգում հանդես էր գալիս երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Սահակ Հովհաննիսյանը։ Նրանից գոհ չեմ, տակտիկական կոպիտ սխալ թույլ տվեց եւ պարտվեց։ Նրանից եւս սպասելիքներ ունեինք։

67 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն է։ Նա Հայաստանի առաջնությունում ապացուցեց, որ իր ուրույն տեղն ունի հավաքականում, բայց ցավալի պարտություն ունեցավ Եվրոպայի Մ23 առաջնությունում։  Տակտիկական սխալների պատճառով պարտվեց։

72 կգ քաշում Հայկ Ասատրյանն էր, որը վնասվածքներից ու վիրահատություններից հետո առաջին անգամ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց երկրորդ գոտեմարտում, որտեղ մրցակիցը նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մրցանակակիր վրացի ըմբիշն էր։

Ամենավատը հանդես եկավ 77 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Աշոտ Կիրակոսյանը։ Միակ ըմբիշը, որ ոչ մի հաղթանակ չունեցավ առաջնությունում, Կիրակոսյանն է։

82 կգ քաշային Կարեն Խաչատրյանից ավելին էինք սպասում։ Նա նախորդ տարվա երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնն է։

Մեր տղաները բոլորը պարտվել են վերջին վայրկյաններին։ Ինձ համար դա շատ հետաքրքիր է։ Այնպես չի եղել մեր ըմբիշներից իրենց հաղթած մրցակիցները մեկ գլուխ ավել բարձր էին։  Հաղթելուց վերջին պահին պարտվել են։ Սա տեխնիկական սխալ է եւ մարզիչներիս մտածելու տեղիք է տալիս։

Մեր մյուս տղաների մասնակցությունից դժգոհ չեմ։ Հովաննես Հարությունյանը բրոնզ մեդալակիր դարձավ 87 կգ քաշային կարգում։ Նա պարտվեց վրացի ըմբիշին, որն այս պահին իսկապես ուժեղ էր Հովհաննեսից։

97 կգ քաշային կարգում եւս մեդալ ունեցանք, ինչի համար ուրախ եմ։ Այս քաշը մեզ մոտ լեգենդար քաշ է, ինչպես գիտեք։ Հայկ Խլոյանից երկար ժամանակ սպասում էինք մեդալ, բայց նրա մոտ չէր ստացվում։ Անձամբ Արթուր Ալեքսանյանն էլ հաճախ մարզումներից հետո ասել է, թե զարմանում է՝ ինչպես է Հայկը պարտվում։ Վերջապես նա կարողացավ արդարացնել բոլորիս հույսերը։ Նրա բրոնզե մեդալը պետք է լինի ամեն ինչի սկիզբը։ Կարող էր նաեւ արծաթ լինել, բայց բրոնզե մեդալը նույնպես գոհացնում է։

130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը փորձառու ըմբիշ է։ Մենք միշտ կարծել ենք, որ ծանր քաշերը մերը չի, բայց տղաներն ապացուցում են, որ բարձր քաշերում, ծանր քաշերում կարող ենք նաեւ մեդալ ունենալ»,- ասաց Արմեն Բաբալարյանը։

Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանի խոսքով հավաքականում առանձին աշխատանք է պահանջվում տղաների մինչեւ վերջ պայքարելու եւ վերջին պահին չպարտվելու վրա։

«Այս մրցաշարը ցույց տվեց, որ վերջին վայրկյաններին միշտ թուլանում ենք։ Ստացվում է 5 րոպե 45 վայրկյան ուժեղ ենք, վերջին 15 վայրկյանում թուլանում ենք։ Պատճառը գուցե մի քիչ ավել ինքնավստահությունն է։ Պետք է պահել գոտեմարտը մինչեւ վերջ։ Այսօր 4 մեդալով ենք վերադարձել, բայց կարող էինք ունենալ 6-7 մեդալ»,- նշեց  Սամվել Գեւորգյանը։

Հայաստանի հավաքականի մարզիչներն անդրադարձան նաեւ Կարապետ Մանվելյանի եւ ադրբեջանցի մրցակցի մասնակցությամբ միջադեպին, երբ մրցակիցը պարտվելուց հետո ձեռք մեկնելու փոխարեն հարվածեց հայ ըմբիշին։

«Երեւում էր, որ Կարապետն ադրբեջանցուց ուժեղ էր։ Ես վստահ էի, որ կհաղթեր, բայց որ այդպես կհաղթեր՝ տուշեով, մաքուր հաղթանակով, չէի սպաում։ Երեւի վիրավորված էր կամ լցված պարտությունից, հաթողին հայտարարելուց հետո Կարապետը ձեռք մեկնեց, նա չպատասխանեց եւ հարվածեց։ Ես ցանկացա միջամտել, բայց հասկացա, որ դա մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի ինչպես Կարապետին, այնպես էլ մեր հավաքականին  եւ ինձ։ Որակազրկում կարող էր լինել։ Գորգից իջնելուց հետո, մոտեցավ իր մարզիչին, մարզիչը ձեռքից բռնեց բերեց մեզ մոտ, ասաց՝ բարեւի թող գնա։ Մոտեցավ ինձ ձեռքով բարեւեց։ Դուրս եկանք դահլիճից, նրանց մարզիչները մոտեցան մեզ եւ ներողություն խնդրեցին։ Այդ մարզիկը մոտեցավ նաեւ Կարապետին եւ փորձեց հարթել տեղի ունեցած։ Ես նրանց ըմբիշին խորհուրդ տվեցի սպորտը չխառնել ոչնչի հետ, սա սպորտ է եւ մարզիկը պետք է զբաղվի իր գործով»,- մանրամասնեց Արմեն Բաբալարյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում