21:19  ,  19 մարտի, 2023

Մ23 ԵԱ. Կնյազ Իբոյանը բավարարվեց արծաթե մեդալով

Կնյազ Իբոյանը արծաթե մեդալ նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:

86 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 1:11 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովին:

Իբոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Իվան Իչիզլիին, քառորդ եզրափակիչում 7:5 հաշվով պարտության էր մատնել Ադրբեջանը ներկայացնող Ֆարիդ Ջաբարովին: Կիսաեզրափակիչում գերլարված պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել թուրք Իսմայիլ Կուկուկսոլակին:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչ 92 կգ քաշային Սերգեյ Սագսյանը, որը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի: Սարգսյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Նրան հաղթած վրացի Անդրո Մարգիշվիլին դուրս է եկել եզրափակիչ: Սերգեյ Սարգսյանը մեկ սփսոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ 7:0 հաշվով հաղթել է շվեդ Ֆարհադ Անոշեյին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սարգսյանի մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճել է 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ: Արծաթե մեդալակիրներ Հայկ Պապիկյան (70 կգ), Մեժլում Մեժլումյան (61կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Էդիկ Հարությունյան (57 կգ) եւ Մարտին Սիմոնյան (125կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում