21:40  ,  18 մարտի, 2023

Մ23 ԵԱ. Նարեկ Գրիգորյանը մեդալ չնվաճեց

Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալ չնվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում

79 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի հավաքականի անդամը 1:4 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբուհի Ամիրասլանովին:

Հայաստանի ներկայացուցիչն ակտիվ սկսեց: Գորգի մրցավարը Ադրբեջանի ներկայացուցիչին նկատողություն տվեց պասիվության համար եւ մեկ միավոր Նարեկ Գրիգորյանին: Առաջին մրցափուլի միջնամասում Սաբուհի Ամիրասլանովը հոնքի եւ քթի վնասվածք ստացավ, պահանջվեց բժշկի օգնություն: Մրցակիցները գնացին հանգստի 1:0 հաշվով՝ Հայաստանի ներկայացուցիչի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում պասիվություն տվեցին Գրիգորյանին եւ հաշիվ բացեցին: Այդ ընթացքում հայ ըմբիշը հնարքի չգնաց եւ հաշիվը դարձավ 1:1՝ Ադրբեջանի ներկայացուցիչի առավելությամբ:

Նարեկ Գրիգորյանը շարունակեց պասիվ գոտեմարտը: Եւս մեկ նկատողություն եւ եւս մեկ միավոր ավելացավ մրցակցի հաշվին: Գոտեմարտի վերջին վայրկյանին Սաբուհի Ամիրասլանովը երկու միավորանոց գցումով հաշիվը դարձրեց 4:1:

Նարեկ Գրիգորյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4:0 հաշվով հաղթել էր Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Իգլեսիաս Ռամոսին:

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4:14 հաշվով պարտվել էր հույն Գեորգիոս Կուգյումցիդիսին, որը դուրս էր եկել եզրափակիչ եւ Գրիգորյանին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն տվել:

Հայաստանի Մ23 հավաքականից մեդալակիրներ են դարձել Հայկ Պապիկյանը (70 կգ) եւ Էդիկ Հարությունյանը (57 կգ): Պապիկյանն արծաթե մեդալ է նվաճել, Հարությունյանը՝ բրոնզ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում