18:02  ,  18 մարտի, 2023

ԱԱ․ Գայանե Տեր-Բարսեղյանը պարտվեց մեկնարկում

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում  Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած հավաքականի երկրորդ ներկայացուցիչը լքեց պայքարը: Երրորդ մրցումային օրը ռինգ դուրս եկավ Գայանե Տեր-Բարսեղյանը 48 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում նա 0:5 հաշվով պարտվեց Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին:

Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է Էդիտա Քոչարյանը, որը նախորդ օրը վստահ հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Պայքարը դեռ չեն սկսել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) եւ Անի Հովսեփյանը(70 կգ):

Անուշ Գրիգորյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից եւ քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանի հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:

Եվրոպայի գործող չեմպիոնը Անի Հովսեփյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Պան Զու (Չինաստան) - Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողը:

Աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականի ռինգ դուրս եկած Եկատերինա Սիչեւան (54 կգ) պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Դելֆին Մանչինիին եւ լքել պայքարը:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում