18:38  ,  17 մարտի, 2023

ԱԱ․ Էլիդա Քոչարյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Էլիդա Քոչարյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում:

60 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Ժեդինակովայի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

Բոլոր երերք ռաունդներում Էլիդա Քոչարյանը բացարձակ առավելություն ուներ: Առաջին եւ երկրորդ ռաունդներում երկու անգամ սլովակ մրցակցին նոկդաունի ենթարկեց, մրցավարը հաշիվ բացեց: Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը պահպանեց ճշումը եւ տպավորիչ հաղթանակ տարավ:

Աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականի ռինգ դուրս եկած 54 կգ Եկատերինա Սիչեւան պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Դելֆին Մանչինիին եւ լքել պայքարը:

48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:

Անուշ Գրիգորյանը (50 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից եւ քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանի հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:

Եվրոպայի գործող չեմպիոնը Անի Հովսեփյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Պան Զու (Չինաստան) - Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողը:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում