18:32  ,  16 մարտի, 2023

Անչելոտի․ Շատ բարդ է հաղթել Չեմպիոնների լիգայում

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել  է 1:0 հաշվով հաղթանակն Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ «Ռեալը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

«Մենք լավ խաղ անցկացրինք։ Լուրջ, հստակ գաղափարներով գործեցինք։ Ամեն ինչ լավ ավարտվեց։ Կրոսն ու Մոդրիչը գերազանց խաղացին։ Գնդակի վերահսկողության հետ կապված որոշակի խնդիրներ եղան, բայց նրանք ահռելի ջանք գործադրեցին եւ կարողացան վերահսկել խաղի թելերը։ Մենք ունենք շատ ժամանակակից թիմ՝ բարձրակարգ, փորձառու, գործին նվիրված, լիարժեք կենտրոնացած։

Կամավինգան էլ հիմա շատ բարձր մակարդակի վրա է եւ շատ է համագործակցում Մոդրիչի հետ։

Չեմպիոնների լիգան շատ «կամակոր» մրցաշար է։ Շատ բարդ է հաղթել այս մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում են թիմեր, որոնց չէին սպասում տեսնել այս փուլում։ Առաջին հերթին, խոսքը իտալական թիմերի մասին է։ Բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի եւ նպատակների վրա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին», պորտուգալական «Բենֆիկան», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։

Քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում