15:51  ,  8 փետրվարի, 2023

ՀՖՖ բժշկական դեպարտամենտի 3 ներկայացուցիչ մասնակցել է ՈւԵՖԱ-ի բժշկական սիմպոզիումին

ՀՖՖ բժշկական դեպարտամենտի 3 ներկայացուցիչներ մասնակցել են ՈւԵՖԱ-ի բժշկական սիմպոզիումին, որն այս տարի անցկացվում էր Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը պատմեց քննարկված թեմաների, փորձի փոխանակման ծրագրերի, սպասվող նորությունների և ձեռքբերումների մասին:

«Չորս տարին մեկ ՈւԵՖԱ-ի բժշկական ծառայությունը կազմակերպում է ՈՒԵՖԱ-ի Բժշկական սիմպոզիում։ Այս տարի թվով 8-րդ նման միջոցառումն էր, որն անցկացվեց Ֆրանկֆուրտում։ Մասնակցում էին ՈւԵՖԱ-ի անդամ գրեթե բոլոր ասոցիացիաների պատվիրակությունները՝ շուրջ 400 բժիշկ տարբեր երկրներից։

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացված էր 3 բժշկով. Ես՝ Նարեկ Վանեսյանս, որպես ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար, ԲԿՄԱ-2-ի բժիշկ Անդրանիկ Ղարիբյանը և կանանց Մ-17 հավաքականի բժիշկ Մարիետա Դավիդյանը։

Շատ հագեցած եռօրյա ծրագիր էր, որի մեկ օրն ամբողջությամբ նվիրված էր կանանց առողջությանը՝ հաշվի առնելով, որ նրանց վնասվածքները կամ նրանց օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները տարբերվում են տղամարդկանց օրգանիզմների առանձնահատկություններից։ Սիմպոզիումի ընթացքում որոշվեց, որ ձևավորվելու է ՈւԵՖԱ-ի կանանց սպորտային բժշկության կոմիտե, որին մենք անպայման անդամակցելու ենք։

Սիմպոզիումի ծրագիրը շատ օգտակար էր մեզ համար, որովհետև կարողացել ենք ստանալ շատ հարցերի պատասխաններ, որոնք Հայաստանում, մեր ԲՈւՀ-երում կամ այլ տեղերում ցանկացել ենք ստանալ, սակայն փորձի պակասի պատճառով մինչ օրս դա անհնար է եղել։

Մասնավորապես, խոսքը գնում է ֆուտբոլիստների նյարդաբանական և ուղեղի ցնցման խնդիրների, ինչպես նաև ֆուտբոլիստների նախավնասվածքային, բուն վնասվածքի և  հետվնասվածքային վերականգնողական գործընթացում իրականացվող միջոցառումների մասին ։ Շատ ակտիվ քննարկում ենք ունեցել նաև դոպինգի և համաշխարհային հակադոպինգային գործակալության պահանջների վերաբերյալ։

Նմանատիպ միջոցառումների կարևորությունը կայանում է նրանում, որ մենք այս միջոցառման ընթացքում նաև ծանոթացանք և շփվեցինք եվրոպական տարբեր երկրների մեր գործընկերների հետ։

Այս մասով ուզում եմ շատ կարևորել մի քանի երկրների և ակումբների բժշկական ծառայությունների ղեկավարների հետ մեր հանդիպումը։ Առաջինը Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայության ղեկավար Նիկո Միհիչի հետ մեր հանդիպումն էր, ում հետ արդեն ծանոթացել էինք անցյալ տարի Մադրիդում։ Որոշվեց, որ մենք CRM հարթակ կձևավորենք, որտեղ ՀՖՖ-ի և իսպանական ակումբի բժիշկները կրթական բնույթի միջոցառումների մասնակցեն, ընդհանուր քննարկումներ կունենան։

Շատ կարևորում եմ նաև Նիդերլանդների բժշկական ծառայության ղեկավարի հետ հանդիպումը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստանում կազմակերպել կրթական մեծ աշխատաժողով, որի ընթացքում նա հանդես կգա դասախոսությամբ։

Երրորդ հանդիպումը Շոտլանդիայի ազգային հավաքականի բժշկական ծառայության ղեկավար Ջոնի Գորդոնի հետ էր։ Նա համարվում է ֆուտբոլային բժշկության ոլորտում առաջին բուժօգնության կամ մարզիկներին անհրաժեշտ մասնագիտացված բուժօգնություն ցույց տալու հարցում բարձրակարգ մասնագետներից մեկը։ Քննարկել ենք մարզիկների բժշկական տեղեկատվության թվայնացման և այդ թվայնացված տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծումը։ Չի բացառում, որ առաջիկայում մեր և նրանց միջև բանակցությունների արդյունքում այն կներդրվի նաև Հայաստանում։

Հանդիպեցինք նաև ՈւԵՖԱ-ի բժշկական ծառայության թիմի ղեկավար Զորան Բահտիյարեվիչի հետ, ներկայացրեցինք ՀՖՖ բժշկական դեպարտամենտում վերջին 1 տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները, կարծիքներ փոխանակեցինք հետագա զարգացման ուղղությունների վերաբերյալ։

Նրանք ողջունեցին մեր ակտիվությունը։ Վերջին 1 տարվա ընթացքում սա կրթական բնույթի՝ արդեն երկրորդ նմանատիպ միջոցառումն էր, որին ՀՖՖ-ն ներկայացված է։Մեր առաջարկով քննարկվելու է հաջորդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

Սիմպոզիումի ընթացքում եղավ նաև գործնական հատված, որտեղ տարբեր վարժասարքերի վրա մասնակիցները կատարելագործեցին իրենց գործնական հմտությունները։ Նախատեսում ենք նման միջոցառում կազմակերպել նաև մեր ակումբների բժիշկների համար:

Առաջիկայում մեր մարզադաշտերը և ֆուտբոլի ակադեմիան կհամալրվեն ողնաշարի անշարժացման նոր սարքավորումներով, առաջին բուժօգնության այնպիսի սարքավորումներ կունենանք, որոնց նմանակները նախկինում օգտագործվել են, բայց սրանք իրենց ֆունկցիոնալությամբ ավելի առաջադեմ են։

Սիմպոզիումը դիտարկում եմ որպես սմարթ սիմպոզիում, քանի որ թե ՛ գիտական մասն էր սմարթ, թե ՛ աջակիցների ու հովանավորների արտադրանքը, որն այսօր կիրառվում է ֆուտբոլային բժշկության մեջ։ Մենք պետք է աստիճանաբար հասնենք նրան, որ բժշկության այդ սմարթ հատվածը բերենք և ներդնենք նաև Հայաստանում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում