10:49  ,  8 փետրվարի, 2023

Հայաստանի սուպերգավաթը կշնորհվի «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» կստանա Հայաստանի սուպերգավաթը։

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և գավաթակիրը, սովորաբար անցկացվում է ամեն տարվա սեպտեմբերին:

Դեռևս մինչև  2022/2023 մրցաշրջանի մեկնարկը «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գոյությունը:

2022 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր Ազգերի Լիգայի հերթական հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հետևաբար, Սուպերգավաթի հանդիպման անցկացումն այդ օրը հնարավոր չէր:

Պայմանավորված եվրագավաթային ելույթներով՝ «Փյունիկի» գրաֆիկը չափազանց խիտ էր, ինչի պատճառով Սուպերգավաթի  հանդիպման անցկացումը հնարավոր չեղավ նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև, հիմնվելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի 6.09 կետի վրա, ՀՖՖ-ն կայացրել է հատուկ որոշում. չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին կշնորհվի Fastex Պրեմիեր լիգայի՝ փետրվարի 24-ին նախատեսված «Վան» - «Փյունիկ» հանդիպումից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում