17:29  ,  6 փետրվարի, 2023

«Փյունիկի» ակադեմիայի մարզիչները կմեկնեն Մոնակո

Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ համագործակցության շնորհիվ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի մարզիչները փորձի փոխանակման նպատակով կմեկնեն Մոնակո ու կմասնակցեն «Մոնակո» ֆուտբոլային ակումբում կազմակերպվող երկօրյա ինտեսիվ դասընթացին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Սկաուտական ռազմավերության պատանեկան ֆուտբոլում» դասընթացին հայ մարզիչները առաջին ձեռքից կլսեն, թե ինչպես են առաջատար եվրոպական ակադեմիաները ինտեգրել պատանեկան ֆուտբոլի սկաուտական կառուցվածքն ու ռազմավարությունը` պատմելով նաև սեփական փորձի մասին: Բացի դրանից, պատանի դարպասապահների սկաուտական ոլորտի փորձագետները կօգնեն ներկաներին պատկերացում կազմել, թե ինչպես ձևավորել սեփական սելեկցիոն համակարգը:

Դասընթացը հյուրընկալող «Մոնակո» ֆուտբոլային ակումբը հյուրերի համար նաև շրջագայություն կկազմակերպի իրենց ակադեմիայում:

ECA-ի դասընթացին «Փյունիկից» կմասնակցեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Աշոտ Ավետիսյանը, կանանց ֆուտբոլի զարգացման գծով պատասխանատու, մարզիչ Մարիա Սախինովան ու մարզիչ Միքայել Խաշմանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում