13:14  ,  5 փետրվարի, 2023

«Բավարիայի» մարզական տնօրեն․ «Չելսիի» ծախսերը խելագարություն են, մենք երբեք այդ ճանապարհով չենք գնա

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» ծախսերին տրանսֆերային շուկայում։ Երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» ձեռք է բերել 16 ֆուտբոլիստի։ Հունվարին անգլիական ակումբը ծախսեց 329,5 միլիոն եվրո՝ ավելի շատ, քան Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ակումբները միասին։

«Մեր ակումբի համար այդպիսի ծախսերն անհնար են։ Նույնիսկ, որեւէ առաջատար ֆուտբոլիստի ձեռք բերելու հնարավորության դեպքում՝ մենք տրանսֆերից առաջ մտածում ենք ծախսերի վերաֆինանսավորման մասին։

«Չելսիի» ծախսերը խելագարություն են, մենք երբեք այդ ճանապարհով չենք գնա։ 600 միլիոն եվրոյից ավելի ծախս մենք չենք կարող վերաֆինանսավորել։

Մենք գիտենք, որ ֆինանսապես չենք կարող մրցակցել «Չելսիի» նման ակումբների հետ, բայց մենք նաեւ գիտենք, որ «Բավարիան» խաղաոճի, հաջողությունների, պատմության եւ ընդհանուր պայմանների շնորհիվ գրավիչ է ֆուտբոլիստների համար»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ը։

Գերմանիայի առաջնության 18 խաղից հետո «Բավարիան» 37 միավորով երկրորդ տեղում է։ «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 խաղից հետո 30 միավորով 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում