00:18  ,  3 փետրվարի, 2023

ՀԱՖ նախագահ․ Հայաստանի ավտոսպորտի զարգացման հիմնական խնդիրը մրցուղի չունենալն է

Հայաստանի ավտոսպորտի զարգացման հիմնական խնդիրը մրցուղի չունենալն է: Չունենք մրցուղի, նույնիսկ 100-ը 100-ի վրա ասֆալտապատ տարածք, չունենք պետական աջակցություն, ինչպես հարեւան Վրաստանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:

Հունվարի 21-ին Դուբայի Յաս-Մարինա մրցուղում կայացած Hankook 6H ABU DHABI 2023 ավտոարշավում B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող Արթուր Գորոյանը զբաղեցրել է առաջին տեղը: Ավտոարշավորդն առաջին անգամ միջազգային մրցաշարում հանդես է եկել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայից:

«Արթուր Գորոյանն առաջին անգամ ներկայացրեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան: Տարին սկսեցինք հաղթանակով, ինչը շատ ողջունելի է: Այս տարի ծրագրում ենք նաեւ Արթուրի մասնակցությունը մի քանի երկրներում անցկացող 24 ժամ սերիայի մրցաշարերի:

Հայաստանում ավտոսպորտը նոր փուլ է մտնում: Նախատեսնում ենք կարտինգից մասնակցել Դուբայի 24 ժամ սերիայի մրցաշարում: Ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը թիմ ունենա այդ մրցաշարում: Արթուրը նույնպես իր մասնակցությունն կունենա: Մասնակցելու են միայն հայ ավտոարշավորդներ: Երեւանում ստուգատես կանցկացնենք, կհավաքագրենք լավագույն մարզիկներին եւ կմասնակցենք Դուբայի մրցաշարին:

Մեր երկրում զարգանում է դրիվթ մրցաոճը: Ունենք 5-7 մրցարշավ: Նաեւ մրցարշավ ունենք կանանց համար: Կին վարորդների համար ֆեդերացիայի դռները բաց են: Ցանկացողները կարող են դիմել մեզ:

Տարածաշրջանում մեր երկիրը գտնվում է ցածր մակարդակում: Չունենք մրցուղի: Ավտոմոբիլային ֆեդերացիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում նույնպես կառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան մրցուղի՝ ավտոդրոմ, որպեսզի հանրությանը ավտոմոբիլային սպորտով զբաղվելն ավելի հասանելի լինի: Մեր ֆեդերացիան այս պահին ծրագրեր է պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար:

Այդքան էլ հեշտ չէ այդպիսի մրցուղի ունենալը: Մի քանի տարիների ծրագիր է: Մենք մարզումների համար ստիպած գնում ենք Վրաստան:

Ես նոր եմ ընտրվել ֆեդերացիայի նախագահ: Կառավարության հետ համագործակցություն դեռեւս չունենք: Ֆեդերացիան պետական ֆինանսավորում չունի: Օրինակ՝ հարեւան Վրաստանում ավտոսպորտը պետական աջակցության մակարդակի վրա է: Նրանց բյուջեն տարեկան կազմում է 300 հազար դոլար: Սա է պատճառը, որ նրանք ունեն երկու պրոֆեսիոնալ մրցուղի, մենք՝ 100-ը 100-ի վրա ասֆալտապատ տարածք էլ չունենք... Շատ ամոթ է մեր երկրի համար:

Նախատեսում են 2024 թվականին մասնակցել FIA-ի աշխարհի առաջնությանը: Մեծ աշխատանք է պետք տանել աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: 17 մրցատարածություն է լինելու: Պետք է ունենանք բյուջե, որ կարողանանք պատրաստվել եւ մասնակցել Հայաստանի դրոշով, լիարժեք հայկական թիմով:

Վրաստանն ունի Ֆորմուլա 3-ի մրցուղի, դրիֆթի մրցուղի, հակառակորդ երկրում մի քանի բարձրակարգ մրցուղիներ կան: Մրցուղի ունենալու համար ամենաքիչը 1 մլն դոլար ներդրում է անհրաժեշտ, բարձրակարգ մրցուղի ունենալու համար՝ մինչեւ 50 մլն եվրո: Ֆորմուլա 3-ի մինիմալ ստանդարտներին համապատասխան մրցուղի ունենալու համար 5-6 մլն եվրո ներդրում է պետք:

Մրցուղին Հայաստանի ավտոսպորտի զարգացման հիմնական խնդիրն է: Ցանկանում ենք, որպեսզի կառավարությունը, ղեկավարությունը, սփյուռքը եւս տեղեկանան մեր խնդրի մասին: Մեր ծրագրերից հետ  չենք կանգնելու, ամեն ինչ անելու ենք: Ներգրավելու ենք աշխարհի բոլոր հայերին, որպեսզի այստեղ ունենանք բարձրակարգ միջազգային չափանիշներին համապատասխան մրցուղի: 

2017 թվականին միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները ժամանեցին Հայաստան: Մենք նրանց ներկայացրինք մի քանի ծրագիր: Այցից հետո միջազգային ֆեդերացիան մեզ ուղարկեց Հայաստանի համար նախատեսված մրցուղու սխեմա, պատրաստման նախագիծ, որի հեղինակը Ալեքսանդր Ուորթսն էր: FIA-ի պաշտոնական կայքում տեղադրված է Հայաստանի համար նախագծված սխեման. այսինքն՝ մենք ունենք նախագիծ, բայց չունենք ներդրող, տարածք չունենք:

Ուզում ենք դիմել կառավարությանը, որ մեզ հատկացնի նվազագույն չափերի հողատարածք, որտեղ կկարողանանք, թեկուզ մեր ուժերով, դրսի ներդրումներով մրցուղի կառուցել»,- մանրամասնեց Արսեն Մանուկյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս