14:41  ,  1 փետրվարի, 2023

ՀՄՖ նախագահ․ Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար ահռելի գումարներ են ծախսվելու

Մեր մեծ երազանքն իրականանում է, Եվրոպայի առաջնությունը նաեւ կլուծի մարզաձեւում շատ խնդիրներ: Սպորտային մարմնամարզությունում ունեցած մեծ հաջողությունները նպաստեցին, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքը ստանա Հայաստանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Հունվարի 28-ին Եվրոպական ֆեդերացիայի նիստի ժամանակ որոշվել է, որ սպորտային մարմնամարզության 2027 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում՝ Երեւանում:

«Մենք մշտապես ունեցել ենք որեւէ խոշոր մրցաշար Հայաստանում անցկացնելու ցանկություն, հատկապես, որ ունենք այսպիսի լավ արդյունքներ մարմնամարզությունում: Մի շարք քննարկումների արդյունքում եւ կառավարության մեծ աջակցությամբ որոշեցինք հայտ ներկայացնել: Սա կառավարության առաջարկն էր, որ աշխատենք այդ ուղղությամբ եւ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտ ներկայացնենք:

Քանի որ մարմնամարզությունը Ա դասի բարձրակարգ մարզաձեւ է, Եվրոպայի առաջնություն ընդունելուց առաջ, հայտ ներկայացնող երկիրը նախ պետք է իր երկրում մեկ միջազգային մրցաշար անցկացնի, ավելի ցածր դասի: Հայաստանը, քանի որ ունի շատ լավ արդյունքներ սպորտային մարմնամարզությունում՝ օլիմպիական մեդալ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոններ, այս արդյունքները նպաստեցին միջազգային ֆեդերացիայի որոշման վրա եւ մենք ստացանք Երեւանում Եվրոպայի առաջնություն անցկացնելու իրավունքը 2027 թվականին:

Սա մեծ ծախսերի հետ է կապված. առնվազն մեկ միջազգային կարգի մարզադպրոց պետք է ունենանք, նոր մարզագույք՝ ամեն գործիքից 4 հավաքածու: Այս ամենը շատ մեծ գումարներ է, որն ամբողջությամբ հոգալու է մեր կառավարությունը: Մեր մեծ երազանքն իրականանում է, Եվրոպայի առաջնությունը նաեւ կլուծի շատ խնդիրներ մարզաձեւում:

2027 թվականին Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաեւ Գերմանիան եւ Անգլիան, բայց առաջնությունը տրվեց մեզ:

Կան հստակ պահանջներ, որոնք ընդունող երկիրը պետք է կատարի: Բարձր մակարդակով այդ ամենը կանենք, կապահովենք։ Կասկած չունեմ, որ լավագույնս ենք անցկացնելու այն: Առջեւում ունենք 4 տարի, հաստատման պահից սկսել ենք պատրասվել: Ամեն բան լավ է լինելու: Թվում է, թե ժամանակը շատ է, բայց ահռելի մեծ աշխատանք կա անելու: Փուլ առ փուլ կգնանք առաջ»,- ասաց Գագիկ Վանոյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն որոշված է անցկացման վայրը: 

«Եվրոպայի առաջնությունը նախատեսում ենք անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ըստ միջազգային ֆեդերացիայի չափանիշների մարզադահլիճը, որտեղ անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը, պետք է հանդիսականների 6000 տեղ ունենա: Մարզահամերգային համալիրը 7000 եւ ավելի տեղ ունի:

Մարզումային եւ նախամրցումային դահլիճները պետք է ապահովենք: Նախամրցումային մարզադահլիճը կլինի մարզահամերգային համալիրում, իսկ մարզումային մարդահալիճը լինելու է նոր կառուցվող Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը:

Երեւանում անցկացվելու է տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի առաջնությունը, այդ պատճառով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը պետք է կառուցվի բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան, հարմար նաեւ կանանց համար:

Նոր մարզադպրոց, նոր մարզագույք, Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար ահռելի գումարներ են ծախսվելու՝ 7-8 միլիոն դոլար եւ ավելի: Նախքան Եվրոպայի առաջնությունը, այստեղ մեկ միջազգային մրցաշար կանցացնենք, որպեսզի եվրոպական ֆեդերացիայի տեխանձնակազմը ժամանի Հայաստան, հետեւեն ընթացող աշխատանքներին»,- ամփոփեց Գագիկ Վանոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում