09:03  ,  1 փետրվարի, 2023

ՀԲՖ-ն արգելել է ՊԲՀՖ-ի բռնցքամարտիկներին մասնակցել Հայաստանի առաջնությանը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համահայկական ֆեդերացիան հայտարարել է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տալիս իր բռնցքամարտիկներին մասնակցել է Հայաստանի առաջնությանը։

««Դինամո» ՄՀԿ-ում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի, թույլ չի տվել մասնակցել առաջնությանը:

Այդ մարզիկների թվում է նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի որդին: Այդ առիթով լեգենդար բռնցքամարտիկը ռինգում իր բողոքն է արտահայտել: Հակոբկոխյանը նշել է, որ  ինքն իր փառահեղ կարիերան կերտել է ռինգում ու հիմա էլ որոշել է բողոքի ակցիա անել հենց ռինգում, քանի որ իրեն ճանաչում է  ամբողջ բռնցքամարտի աշխարհը։ Լեգենդար բռնցքամարտիկի խոսքով, եթե իր որդին կանոնակարգ խախտած լիներ, ապա կպատժվեր միջազգային ֆեդերացիայի կողմից: 

Նշենք, որ նախորդ տարի ՊԲՀՖ բռնցքամարտիկները Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով Կելցեում մասնակցում էին միջազգային մրցաշարի, սակայն մրցումների կեսից հայ բռնցքամարտիկներին հեռացրին մրցաշարից, նշելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ուղարկել միջազգային ֆեդերացիա:

Մրցաշարի այդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից մի քանիսին բաժին էին հասել ադրբեջանցի մրցակիցներ, արդյունքում հաղթանակները տրվեցին հարևան երկրի բռնցքամարտիկներին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան հայտարարում է, որ շարունակելու է մասնակցել միջազգային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենամարտերի ու բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը», նշվում է ՊԲՀՖ-ի հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում