21:26  ,  31 հունվարի, 2023

Կարեն Աղամալյանը՝ Իսրայել Հակոբկոխյանի որդու հետ կապված սկանդալի մասին

Իսրայել Հակոբկոխյանի որդին մասնակցել է մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, առաջարկել եմ նրան մարզվել հավաքականի հետ, բայց աշխարհի չեմպիոնը չի համաձայնել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ մեկնաբանելով Իսրայել Հակոբկոխյանի բողոքի ակցիան առաջնության առաջին մրցումային օրը:

Հավաքականի գլխավոր մարզիչին ուրախացնում է այս տարվա մասնակիցների քանակը:

«95 մասնակից ունենք: Վերջին տարիներին Հայաստանի առաջնությունում այսքան շատ մասնակիցներ չենք ունեցել: Տեսնենք, թե ինչպիսին կլինի արդյունքը: Կձեւավորենք նոր հավաքական եւ հավաք կանենք:

Առաջիկայում Սոֆիայում եւ Բելգրադում միջազգային մրցաշարերի կմասնակցենք, որից հետո կորոշենք Հայաստանի կազմը աշխարհի առաջնությունում եւ Եվրոպական խաղերը: Աշխարհի առաջնությունը շատ կարեւոր է, մեծ մրցանակային ֆոնդ ունի, բայց օլիմպիական վարկանիշ չի տալիս: Եվրոպական խաղերն են միայն վարկանիշային:

Հայաստանի առաջնությունից ազատված է Հովհաննես Բաչկովը իմ թույլտվությամբ: Նա պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Մեծ ցանկություն ունի դառնալ աշխարհի չեմպիոն: Նաեւ չի մասնակցում Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը մատի վնասվածք ունի»,- նշեց Կարեն Աղամալյանը:

Անդրադառնալով աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի բողոքի ակցիային եւ ֆեդերացիայի նախագահի մեկնաբանությանը, Կարեն Աղամալյանն ասաց.

«Իսրայել Հակոբկոխյանի որդին անցած տարի Հայաստանի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը: Քանի որ նա 22 տարեկան էր եւ այդ տարիքային խմբում առաջինն էր, նրան տարել եմ մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության: Մնացած մրցաշարերի մասով չեմ կարող ոչինչ ասել, որտեղ պետք է եղել, ասել ե՝, թող գա:  Առաջարկել եմ նրան մարզվել հավաքականի հետ, Հակոբկոխյանն ասել է՝ ոչ, ինձ մոտ կմարզվի»:

Հունվարի 31-ին տեղի է ունեցել 4 քաշային կարգերի՝ 54 կգ, 67 կգ, 71 կգ, 80 կգ մեկնարկային մենամարտերը:

Կանանց Հայաստանի առաջնությանը մասնակցում է 14 աղջիկ: Կանայք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 1-ից: Հայաստանի առաջնությունը կավարտի փետրվարի 4-ին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում