20:01  ,  31 հունվարի, 2023

Երեւանում սկանդալով սկսվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը (ֆոտո)

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 95 մարզիկ Երեւանից եւ մարզերից:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են ազգային հավաքականի բոլոր անդամները, բացի Հովհաննես Բաչկովից եւ Նարեկ Մանասյանից:

Առաջին մրցումային օրը սկսվեց սկանդալով։ Նախքան մեկնարկը, աշխարհի չեմպիոն, լեգենդար Իսրայել Հակոբկոխյանը բարձրացավ ռինգ եւ հայտարարեց, որ բողոքի ակցիա է իրականացնում, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արգելել է նրա որդուն մասնակցել Հայաստանի առաջնությանը:

«Իմ տղան նախորդ տարի հաղթեց Հայաստանի առաջնությունում, բայց հաղթանակը նրան չտվեցին. ընդունեցի: Զբաղեցրեց երկրորդ տեղը, բայց նրան ոչ հավաքների հրավիրեցին, ոչ մրցումներին են տանում: Ես իմ ուժերով, իմ միջոցներով տղայիս մրցումների եմ տարել, որպեսզի նրա մոտ աճ լինի: Ֆեդերացիան, ի հակառակն ինձ, ոչինչ չի անում: Եղել է, որ առաջարկել եմ՝ իմ ֆինանսավորմամբ տղայիս էլ ընդգրկեն թիմ, թող մրցումների մասնակցի: Դա էլ թույլ չեն տվել: Ես էլ միջոցներ եմ գտել ու իմ հնարավորություններով տղայիս մրցումների եմ ուղարկում:

Դրանից հետո ֆեդերացիան  բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին, Եվրոպական ֆեդերացիային( EUBC), թե ինչու են թույլ տվել, որ բռնցքամարտիկը մասնակցի միջազգային մրցաշարի: Եվրոպական ֆեդերացիան նրանց պատասխանել է, որ Հայաստանի ֆեդերացիայի որոշման խնդիրն է, թող ֆեդերացիան որոշի: Նրանք էլ որոշել են այսօր իմ տղային թույլ չտալ, որ Հայաստանի առաջնության մասնակցի: Սա թշնամություն է իմ երեխայի, նրա մարզական կարիերայի նկատմամբ»,- ասաց Հակոբկոխյանը:

Բողոքի ակցիան կարճ տեւեց, աշխարհի չեմպիոնը լքեց ռինգը՝ նշելով, որ չի ցանկանում վնասել մյուս բռնցքամարտիկների կարիերան, ինչպես վնասել են իր որդունը:

Մի խումբ երիտասարդներ անմիջապես Իսրայել Հակոբկոխյանին դուրս տարան մարզադահլիճից: Նա այլեւս դահլիճ չվերադարձավ:

Դահլիճում լրագրողների հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

«Ես չէի ուզի, որ Իսրայել Հակոբկոխյանն իրեն այսպես դրսեւորեր, ամոթ է, որ մեր հարգարժան, նախկինում պատիվ ունեցող բռնցքամարտիկն այսպես է իրեն պահում: Նա շատ լավ գիտի իր կատարած սխալները:

Եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաններն ունեն հատուկ կանոնակարգեր: Իսրայել Հակոբկոխյանը եւ մի խումբ մարզիկներ ուրիշ ֆեդերացիայի անվան տակ մեկնում են միջազգային մրցաշարեր՝ Մեքսիկա, Լատվիա, Լեհաստան, Ֆինլանդիա եւ այլ վայրեր: Անհայտ կառույցի, ֆեդերացիայի անունից են ներկայանում, որն ինձ բացարձակ հետաքրքիր չի եւ մասնակցում են մրցաշարերի: Այնտեղից մեզ նամակներ են գալիս, որտեղ հարցնում են, թե ովքեր են Հայաստանի անունից մասնակցում միջազգային մրցաշարերին: Բացատրություններ են պահանջում ֆեդերացիայից, կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից: Մենք մի քանի անգամ բոլոր մարզադպրոցներին նամակ ենք ուղարկել, որ եթե ցանություն կա մասնակցել որեւէ մրցաշարի, տեղեկացրեք ֆեդերացիային, որը հայտ կներկայացնի: Ֆեդերացիան երբեք դեմ չի, որ մարզիկը թեկուզ իր միջոցներով գնա մրցաշարերի: Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են ներկայացնում Հայաստանը տվյալ մրցաշարերում: Պետք է իմանանք՝ ինչ կազմով են մեկնում, ով է ղեկավարը: Գուցե այդ թիմի հետ ուրիշ մարդիկ էլ են մեկնում, եւ մենք դրա մասին տեղյակ չենք: Հետո մեզանից պատասխան են պահանջելու միջազգային կառույցները:

Դեկտեմբերի վերջում ֆեդերացիան նորից նամակ ստացավ, որ Լեհաստանում հերթական մրցաշարում Հայաստանից թիմ է մասնակցում: Ինձ մրցավայրից զանգահարեց մրցաշարի գլխավոր մրցավարը եւ հարցրեց՝ ես թիմ ուղարկել եմ, թե ոչ: Պատասխանեցի, որ ոչ եւ, նրանց թույլ չտվեցին այնտեղ մասնակցել մրցման: Ավելի ուշ մենք EUBC-ից նամակ ստացանք, թե որ մարզիկներն են ֆեդերացիայից անկախ, այլ ֆեդերացիայի անվան տակ մասնակցել մրցաշարերի, բայց ներկայացել են, որպես Հայաստանի թիմ, եւ այդ մարզիկներ նկատմամբ պետք է տույժ-տուգանքներ կիրառվի: EUBC-ի նամակը կա, որտեղ մարզիկների անվան ցուցակում է նաեւ Իսրայել Հակոբկոխյանի որդու անունը: Ըստ այդմ,   այս բոլոր մարզիկները որակազրկվում են եւ  պետք է դուրս մնային Հայաստանի առաջնությունից:

Ինձ մի քանի շատ հարազատ մարդիկ դիմեցին, որ որեւէ լուծում գտնենք այս իրավիճակում: Որոշեցինք, որ խախտումներ կատարած մարզիկները, նրանց մարզիչները պետք է գան ֆեդերացիա, դիմում գրեն, որ հետագայում նրանց արարքը չի կրկնվի, ստորագրեն իրենց դիմումների տակ, ես էլ միջամտեմ, հայտ ուղարկենք EUBC-ին եւ խնդրենք, որ մարզիկների պատիժը սահմանափակվի նկատողությամբ, այլ ոչ որակազրկումով:

Իսրայել Հակոբկոխյանն ասել է՝ ես չեմ ստորագրում, ինձ տվեք 1 միլիոն դոլար, կամ չգիտեմ ինչ, որ ստորագրեմ, ես էլ ասել եմ, որ չի ստորագրում՝ ինչ անեմ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ես՝ որպես նախագահ, ֆեդերացիայի հեղինակությանը շատ բծախնդիր ենք վերաբերվում, քանի որ մենք միջազգային ֆեդերացիայում ունենք լավ հեղինակություն եւ ինչ-որ մեկի համար չենք պատրաստվում այն կորցնել, ով ուզում է լինի:

Ես չեմ արգելել նրա որդուն՝ մասնակցի, EUBC-ն որակազրկել է: Խախտում կատարած մարզիկները 5-ն էին: 4-ը եկել, ստորագրել են եւ իրավունք են ստացել մասնակցել Հայաստանի առաջնությանը: Հարցը կլուծվեր, եթե Հակոբկոխյանն ադեկվատ վերաբերմունք ցույց տար:

Մենք էլ ենք նախկինում այլ ֆեդերացիա հիմնել, երբ ես ցանկանում էի ֆեդերացիայի նախագահ դառնալ: Հայաստանից թիմ եմ ներկայացրել տարբեր երկրներ, բայց ոչ մի անգամ չենք մասնակցել այնպիսի մրցաշարերի, որոնք կարող էին հայկական բռնցքամարտի, Հայաստանի հեղինակության հետ խաղալ: Ես այդ ամենին տիրապետել եմ, նախկինում դպրոց էլ եմ գնացել, ինստիտուտ էլ եմ սովորել եւ գիտեմ ՝ ինչ է կատարվում, ինչպես պետք է լինի, որ օրենքների համաձայն պետք է շարժվել: Այսօր վերցնել թիմ, տանել մրցաշարի ու ներկայանալ Հայաստանից, միայն խնդիր են ստեղծում մեր ֆեդերացիայի համար»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում