14:33  ,  27 հունվարի, 2023

Կարեն Խաչանով․ Գնահատում եմ դրոշներով ինձ աջակցություն ցույց տված երկրպագուներին

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է հույն Ստեֆանոս Ցիցիպասից կրած պարտությունը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում 6:7 (2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6։

«Տպավորությունները միշտ հակասական են լինում, երբ այսպիսի մրցաշարերում այսքան հեռու ես գնում։ Իհարկե, շատ գոհ եմ եւ հպարտանում եմ այս արդյունքով։ Երկրորդ անգամ անընդմեջ հասա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հզոր պայքար մղեցի։

Երրորդ սեթում Ցիցիպասը երկու անգամ հաղթական միավորի հնարավորություն ուներ, բայց ես հաղթեցի եւ պայքարը տեղափոխեցի չորրորդ սեթ։ Լարված եւ շատ բարձր մակարդակի մրցախաղ էր։ Կարեւոր պահերին նա վերցրեց կարեւոր միավորները եւ հաղթեց։ Սա է իրականությունը։

Տրիբունաներում հանդիսականները սկզբում մեծամասամբ ավելի շատ երկրպագում էին մրցակիցներիս, բայց քառորդ եզրափակիչում եւ կիսաեզրափակիչում աջակցությունը գրեթե հավասար էր։

Գնահատում եմ այդ պահերը ռուսաստանցի եւ հայ երկրպագուների հետ, դրոշներով ինձ աջակցություն ցուցաբերած երկրպագուներին։ Շատ լավ աջակցություն զգացի այստեղ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունում երկրպագել են հայ հանդիսականներ Հայաստանի եւ Արցախի եռագույն դրոշներով։ Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշները տրիբունաներում արգելված է ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով։ Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները հանդես են գալիս չեզոք մարզիկի կարգավիճակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում