13:57  ,  27 հունվարի, 2023

Յան Օբլակ․ Արդեն սովորական է դարձել, որ մրցավարների որոշումները «Ռեալի» օգտին են

Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը քննադատել է մրցավարներին Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» պարտվելուց հետո։ Լրացուցիչ ժամանակում Արքայական թիմը հաղթել էր 3:1 հաշվով։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվավ։

Մրցավարը երկրորդ դեղին քարտ ցույց չտվեց «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսին կոպիտ խախտման համար, իսկ «Աթլետիկոյի» չեռնոգորիացի պաշտպան Ստեֆան Սավիչը 99-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ Դրանից հետո «Ռեալը» խփեց երկու գոլ։

«Կարծում եմ՝ Սեբալյոսը նույնպես պետք է ստանար երկրորդ դեղին քարտ։ Մրցավարը պետք է հեռացներ նրան, երբ մենք հաղթում էինք 1:0 հաշվով։ Բայց նրանք որոշեցին այնպես, ինչպես միշտ է լինում։

Արդեն սովորական է դարձել, որ մրցավարների որոշումները «Ռեալի» օգտին են։ Բարդ էր, բայց մենք պայքարեցինք մինչեւ վերջ»,- Օբլակի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ «Բարսելոնան», «Օսասունան» եւ «Աթլետիկ Բիլբաոն»։ Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում