09:07  ,  25 հունվարի, 2023

Հովհաննես Գաբրիելյան․ Միքայել Միքայելյանը շատ լավ հանդես եկավ եւ բոլորին զարմացրեց

Ձմեռային ուսանողական խաղերում մեդալ չնվաճեցինք, բայց լավ մասնակցություն ունեցանք, մասնավորապես, Միքայել Միքայելյանը շատ լավ հանդես եկավ եւ բոլորին զարմացրեց, որ Հայաստանն այդպիսի մարզիկ ունի: Կազմակերպչական առումով էլ շատ լավ ներկայացանք, մարզահագուստով, մնացած տեխնիկական հարցերով ոչ մի երկրի չզիջեցինք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն՝ ամփոփելով Հայաստանի մասնակիցների մրցելույթները Լեյք Փլեյսիդ-2023-ում:

Հունվարի 12-22-ը ԱՄՆ Լեյք Փլեյսիդ քաղաքում անցկացվեց ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադան, որին Հայաստանը մասնակցում էր 6 մարզիկով: Նրանք պայքարեցին 4 մարզաձեւում՝ գեղասահք, դահուկավազք, լեռնադահուկ եւ սնոուբորդ: Հայաստանի պատվիրակները մեդալ չնվաճեցին, բայց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը գոհ է մասնակցությունից եւ արդյունքներից:

«Իրականում առանց մեդալ, բայց լավ ենք մասնակցել: Նախ ողջունելի էր այն, որ առաջին անգամ պետական միջոցներով մասնակցեցինք այս մեծ միջոցառմանը: Կարողացանք ներկայացված 12 մարզաձեւերից 4-ում 6 մասնակից ունենալ եւ ապահովել բոլոր մարզիկների անձնական մարզիչների ներկայությունը: Սա ոչ միշտ է ստացվում, նույնիսկ ամառային Ունիվերսիադայում: Ուրախ եմ, որ 31-րդ ձմեռային Ունիվերսիադայում ունեցանք պատմական մասնակցություն. առաջին անգամ  միջազգային հարթակում հայ սնոուբորդիստ ունեցանք: Հայկական ձմեռային մարզաձեւերում այս մասնակցությունը նոր զարկ կտա մարզաձեւի զարգացման եւ հետագայում խոշոր մրցաշարերում մասնակիցներ ունենալու համար: Նա հաղթահարեց որակավորման փուլը, ինչն արդեն մեծ նվաճում էր մեզ համար: Չհաղթահարեց 1/16 եզրափակիչի արգելքը:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ցույց տվեց իր նորմալ արդյունքը: Հսկա ոլորավայրէջք մրցաձեւում նորմալ սահեց, վայր չընկավ: Երկու մեկնարկում էլ 90 մասնակիցների մեջ 33-րդ արդյունք ցույց տվեց:

Ոլորավայրէջք մրցաձեւում առաջին մեկնարկը շատ լավ կատարեց, լավագույն 30-ի մեջ էր: Երկրորդ փորձն անհաջող ստացվեց, մի ոլորան չկարողացավ անցնել եւ դուրս մնաց պայքարից: Այստեղ շատ մեծ մրցակցություն կար, աշխարհի չեմպիոններ եւ մրցանակակիրներ էին դուրս մնում, քանի որ մրցուղին բավական բարդ էր:

Ինչ վերաբերում է գեղասահորդներին, կարծում եմ սերնդափոխությունն իր ազդեցությությունն ունեցավ: Եթե պարային զույգը մի փոքր լավ հանդես եկավ, մենասահորդ Մարինա Ասոյանի արդյունքն այդքան էլ գոհացնող չէր: Նա վատ հանդես չեկավ, իր ուժերի չափով մասնակցեց: Հայաստանն այս պահին Ունիվերսիադայի համար համապատասխան տարիքի Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան չունի: Հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում: Այդ մասին զրուցեցինք նաեւ ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի հետ, նա նույնպես փաստեց: Հաջորդ ձմեռային Ունիվերսիադայի համար արդեն թիմն ավելի լավ կպատրաստվի: Ֆեդերացիան խոստացել է, որ այդ ուղղությամբ կաշխատի»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի խոսքով Լեյք Փլեյսիդում լավագույն արդյունքը ցույց տվեց Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը. նա իր մրցելույթով եւ արդյունքով զարմացրել է նաեւ մասնակից երկրների ներկայացուցիչներին:

«Միքայել Միքայելյանը համաշխարհային մակարդակի թոփ արդյունք ցույց տվեց: Երկու մրցաոճում էլ՝ 10 կմ ազատ ոճ եւ 10 կմ դասական ոճում 4-րդ տեղը զբաղեցրեց: Շատ մոտ էր բրոնզե մեդալին, բայց նրան մի քանի վայրկյան չբավականացրեց եզրագիծը երրորդը հատելու համար:

Դասական ոճում մրցատարածության կեսը առաջին տեղով էր ընթանում: Վերջում միայն ճապոնացի եւ երկու նորվեգացի մրցակիցները հաղթեցին նրան: Նրան հաղթողները ձմեռային մարզաձեւերի գերտերությունների ներկայացուցիչներ էին, որտեղ միլիոններ են ծախսվում մարզաձեւի վրա:

Միքայելը 90 մրցակցի մեջ է 4-րդ տեղը զբաղեցրել: Բոլորը հիացած էին նրա մրցելույթով, մոտենում էին մեզ, ողջունում: Զարմացած էին, որ Հայաստանը, չլինելով ձմեռային մարզաձեւերում զարգացած երկիր, այդպիսի մարզիկ ունի: Մեզ հարցնում էին՝ «շատ ունե՞ք այսպիսի մարզիկներ»:

Կազմակերպչական առումով էլ շատ լավ ներկայացանք: Մարզահագուստով, մնացած տեխնիկական հարցերով ոչ մի երկրի չէինք զիջում: Բարդ մրցաշար ստացվեց, մեր ֆեդերացիան երբեւէ այսպիսի բարդ գործուղում չէր կազմակերպել: Ոչ մի խնդիր չենք ունեցել»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27,04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում