18:15  ,  22 հունվարի, 2023

Սամվել Տեր-Սահակյան․ Առաջին պարտիայից հետո մտածում էի՝ գոնե վատ մրցաշար չունենամ

Մրցաշարն ինձ համար դժվար էր մեկնարկել. առաջին պարտիայից հետո մտածում էի՝ գոնե վատ մրցաշար չունենամ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ անգամ շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած, Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն Սամվել-Տեր Սահակյանը:

Հայաստանի կրկնակի չեմպիոնը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Բարձրագույն խմբի 83-րդ առաջնության վերջին տուրում նա սպիտակներով մրցել էր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ առավելության հասել 51-րդ քայլին։

«Առաջին տուրում սեւերով պարտվեցի Տիգրան Պետրոսյանին: Երկրորդ տուրից հետո նպատակներս մի փոքր փոխվեցին: Եթե առաջին տուրից առաջ մեծ նպատակներ ունեի, Տիգրան Պետրոսյանին պարտվելուց հետո ամեն ինչ փոխվեց. մտածում էի՝ գոնե վատ մրցաշար չունենամ: Նպատակս փոխվեց՝ հնարավորինս փորձել լավ հանդես գալ:

Երկրորդ տուրից հետո մի քանի հաղթանակ տարա: 7-րդ տուրում Արամ Հակոբյանի հետ սեւերով ոչ-ոքի խաղացի: Այս պարտիայից հետո առաջին տեղը գրավելու որոշակի հույսեր էի փայփայում, բայց շանսերս այդքան էլ մեծ չէին, քանի որ Մանուել Պետրոսյանը մեկնարկում մի քանի անընդմեջ հաղթանակ էր տարել: Այնպիսի տեմպով էր նա սկսել, որ չէի կարծում՝ ինչ-որ շանս կունենամ: Երբ Ռոբերտ Հովհաննիսյանը կարեւոր պարտիաներից մեկում պարտության մատնեց Մանուել Պետրոսյանին, առաջատարներիս մոտ որոշակի հույսեր առաջացավ: Վերջին տուրում միայն հաղթանակի դեպքում կարող էի չեմպիոն դառնալ, քանի որ Ռոբերտ Հովհաննիսյանի լրացուցիչ ցուցանիշներն ավելի բարձր էին: Այս տուրում, այն ինչ նախատեսել էի, ստացվեց:

Որոշակի լավ դրությամբ դուրս եկա սկզբնախաղից: Չունեի մեծ ռիսկ: Այնպես էր դասավորվել, որ կամ սպիտակներն առավելություն կստանային կամ պարտիան կավարտվեր ոչ ոքի: Ռոբերտ Հովհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին, նա մի քանի վրիպում թույն տվեց, որից հետո արդեն դժվար էր փրկել պարտիան: Այստեղ արդեն ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեցի եւ կարողացա օգտագործել իմ հնարավորությունը»,- ասաց Սամվել Տեր-Սահակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում