15:22  ,  22 հունվարի, 2023

Կարեն Խաչանով․ Բազմիցս ասել եմ, որ հարգում եւ գնահատում եմ իմ արմատները

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարզաբանել է, թե ինչու է Ավստրալիայի բաց առաջնությունում տարած նախորդ երկու հաղթանակներից հետո տեսախցիկի վրա գրություններով աջակցություն հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։

«Բազմիցս ասել եմ, որ հարգում եւ գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հորս եւ մորս կողմից ունեմ հայկական արյուն։ Ցանկանում եմ որեւէ կերպ աջակցել, հավատ եւ ուժ տալ նրանց»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչեւ վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»։

Կարեն Խաչանովը 1/16 եզրափակիչում հաղթանակից հետո էր առաջին անգամ անդրադարձել Արցախի շրջափակմանը։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովը երեք սեթում պարտության է մատնել աշխարհի 33-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային՝ 6:0, 6:0, 7:6 (7:4)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում