10:16  ,  11 հունվարի, 2023

Մալխաս Ամոյան․ Այս տարի գլխավոր նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն է

2023-ի ամենամեծ երազանքս այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի, այլեւս պատերազմ չլինի: Մարզական առումով գլխավոր նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Մրցաշրջան-2022-ը Մալխաս Ամոյանի համար նոր մարտահրավերների տարի էր: Ոչ օլիմպիական քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո 23-ամյա ըմբիշը տեղափոխվեց 77 կգ քաշային կարգ եւ կարողացավ օլիմպիական քաշում մեկ տարվա ընթացքում դառնալ Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր:

Ապրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ամոյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ սեպտեմբերի 11-ին Սերբիայում անցկացված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ տպավորիչ հաղթանակով դարձավ բրոնզե մեդալակիր:

Երիտասարդ ըմբիշի քայլերն ուղղված են դեպի Փարիզ-2024 Օլիմպիական խաղեր: Մալխաս Ամոյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է 2022 թվականն ու խոսել 2023 թվականի երազանքների եւ նպատակների մասին:

Մալխաս, մրցաշրջան-2022-ը մեդալներով ստացվեց քեզ համար: 77 կգ քաշային կարգում արդեն լուրջ հավականություններ ես ներկայացնում օլիմպիական ուղեգրի համար: Ինչպե՞ս դու կբնութագրես անցած մրցաշրջանը քեզ համար:

Նախորդ տարին լավ ստացվեց ինձ համար, բայց ոչ հաջող: Կարողացա օլիմպիական քաշային կարգում մեդալներ նվաճել: Եվրոպայի առաջնությունում դարձա ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում՝ բրոնզե: Աշխարհի առաջնությունում ինչ-որ բան չբավականացրեց, որ հաղթող ճանաչվեի: Նաեւ դարձա մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն: Տարին կգնահատեի հաջող, եթե աշխարհի առաջնության բրոնզե մեդալը ոսկի լիներ: Չեմ վհատվում, ուրեմն այդ պահին այդքանին էի արժանի: Ուրախ եմ, որ գոնե մեդալով եմ վերադարձել:

Քաշային կարգդ փոխելուց հետո քեզ հաջողվեց առաջին խոշոր մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դառնալ: Վերհիշենք Եվրոպայի չեմպիոնությունդ:

Իրականում բարդ տրվեց ինձ Եվրոպայի չեմպիոնությունը: Բարդ էր քաշային փոփոխությունը: Հիշում եմ, որ կար մտավախություն, բարդ էր կարճ ժամանակահատվածում լիարժեք հարմարվել նոր քաշին, բայց, ինչպես բոլոր մրցաշարերին, Եվրոպայի առաջնությանն էլ մեկնել էի միայն հաղթանակի համար: Գուցե բոլորի համար անսպասելի էր իմ հաղթանակը, գուցե շատերը մտածում էին, որ նոր եմ տեղափոխվել 77 կգ եւ, հնարավոր է, չստացվի ինձ մոտ, բայց ես կարողացա դա անել մարզումների, քրտնաջան աշխատանքի եւ մարզիչներիս շնորհիվ:

Իսկ քեզ համար հաղթանակդ անսպասելի՞ էր:

Ինձ համար էլ էր անսպասելի, որ միանգամից ոսկե մեդալ կլինի, բայց այս հաղթանակս ինձ շատ ուրախացրեց: Երբեմն անսպասելի հաղթանակներն ավելի քաղցր են լինում: Ես գնացել էի միայն հաղթանակի համար, բայց այն նաեւ անսպասելի էր: Ես պատրաստ էի հաղթել, չեմպիոնության պատրաստ էի մարզավիճակով եւ հոգեբանորեն, բայց որ այդքան լավ հանդես կգայի, չէի հավատում: Աշխարհի առաջնությունում արդեն հավատում էի, որ կարող եմ հաղթել, բայց...

Բայց ինչ-որ բան պակասեց...

Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ չնվաճելու պատճառն, իմ կարծիքով, ավելի շատ հոգեբանական էր: Ճիշտ չտրամադրվեցի մեկնարկային գոտեմարտին եւ պարտվեցի: Մարզումներումս էլ, երեւի, ինչ-որ թերություններ եղան եւ բրոնզե մեդալը նվաճեցի՝ սփոփիչ գոտեմարտեր անցնելով: Պետք է շտկեմ սխալներս, որպեսզի հաջորդ աշխարհի առաջնությունում դրանք չկրկնեմ: Դեռ շատ աշխատանք ունեմ անելու, որպեսզի կարողանամ լինել այնտեղ, որտեղ իմ նպատակն է:

Ո՞րն է 2023-ի երազանքդ:

Մեկ մեծ երազանք ունեմ այս տարում, որպեսզի մեր երկրում խաղաղություն լինի, այլեւս պատերազմ չլինի: Մնացած երազանքներս կապված են սպորտի հետ: 2023 թվականից ոսկե ակնկալիքներ ունեմ: Այն, ինչ չկարողացա անել 2022-ում, կփորձեմ իրականացնել այս տարի: Գլխավոր նպատակս օլիմպիական ուղեգիրն է: Ամենակարեւորն այս պահին ինձ համար Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելն է: Այս ամենին կարող ենք հասնել միայն շատ աշխատելու շնորհիվ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով