09:44  ,  11 հունվարի, 2023

Հովհաննես Գաբրիելյան․ Մեդալի հույս ունենք Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանից

Լավ թիմով ենք մասնակցում ձմեռային Ուսանողական խաղերին: Մեդալային ակնկալիքներ ունենք: Կորոնավիրուսից հետո առաջին մարզական իրադարձությունն է, որին մասնակցում ենք պետական ֆինանսավորմամբ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

Հունվարի 12-22-ը ԱՄՆ Լեյք Փլեյսիդ քաղաքում կանցկացվի ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադան, որին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով: Նրանք կպայքարեն 4 մարզաձեւում՝ գեղասահք, դահուկավազք, լեռնադահուկ եւ սնոուբորդ: Լեյք Փլեյսիդ-2023-ին մասնակցության հայտ է ներկայացրել 60 երկրի շուրջ 4500 մարզիկ:

«2019 թվականից հետո սա առաջին խոշոր մրցաշարն է, որն անցկացնում է միջազգային ֆեդերացիան: Կորոնավիրուսից հետո սա նաեւ առաջին մարզական իրադարձությունն է, որին Հայաստանը մասնակցում է պետական ֆինանսավորմամբ:

Հայաստանի պատվիրակությունում լավ թիմ է ձեւավորվել: Մասնակցում ենք նորմալ կազմով: Հանդես կգանք 4 մարզաձեւում՝ գեղասահք, դահուկավազք, լեռնադահուկ եւ սնոուբորդ: Գեղասահքում կանանց մենասահքում հանդես կգա Մարինա Ասոյանը, պարային զույգերի մրցաշարում՝ Վիկտորիա Ազրոյան եւ Արթուր Գրուզդեւ, դահուկավազք՝ Միքայել Միքայելյան, լեռնադահուկ՝ Հարություն Հարությունյան եւ սնոուբորդ՝ Նորիկ Թադեւոսյան: Ի դեպ, սնոուբորդում առաջին անգամ ենք մասնակից ունենում:

 Հայաստանում ձմեռային մարզաձեւերում մեր հնարավորությունների չափով պատվիրակություն ենք ներկայացրել: Նախատեսված էր մասնակից ունենալ նաեւ գեղասահքում տղամարդկանց մենասահքում: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան ուներ թեկնածու, ով չուներ քաղաքացիություն, այդ պատճառով նրա մասնակցությունը չստացվեց»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, ձմեռային Ուսանողական խաղերից մեդալների ակնկալիքներ կան:  

«Մեր հիմնական մեդալային հույսը դահուկավազորդ, Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանն է: Ունիվերսիադայում Միքայելն արդեն մասնակցության փորձ ունի: 2019 թվականին նա 500 մետր սպրինտում լավագույն հնգյակում էր: Այս անգամ մեծ հնարավորություններ ունի, հուսանք՝ կստացվի: Գեղասահքում եւս ակնկալիքներ ունենք: Պարային զույգը հնարավորություն ունի. միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունի»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է պետական ֆինանսավորմանը, Գաբրիելյանն ընդգծում է, որ Հայաստանում արդեն սկսել են կարեւորել Ուսանողական խաղերը:

«Մեզ նաեւ ֆինանսավորել էին 2021 թվականի Լուցերնի Ուսանողական խաղերին, բայց քանի որ Շվեյցարիայի ղեկավարության կողմից այն չեղարկվեց, գումարն ամբողջությամբ հետ վերադարձվեց պետական բյուջե:

Արդեն, կարծես, աստիճանաբար ստացվում է աշխատել: Արդեն կարեւորում են Ուսանողական խաղերը: Կարողացանք հասցնել այն փաստը, որ ձմեռային Օլիմպիական խաղերից հետո ձմեռային ունիվերսիադան այս մարզաձեւերի ամենաներկայացուցչական եւ ամենամեծ մարզական իրադարձությունն է: Օրինակ՝ Լեյք Փլեյսիդում անցկացվելու է 12 մարզաձեւերի մրցաշար, որին մասնակցելու է 4500-ից ավելի մարզիկ:

Շատ ուրախ ենք, որ մասնակցելու ենք եւ որ ԱՄՆ-ում է անցկացվում, որտեղ ունենք մեծ հայկական համայնք»,- մանրամասնեց ֆեդերացիայի նախագահը:

Հովհաննես Գաբրիելյանը նաեւ անդրադարձավ ձմեռային մարզաձեւերի Հայաստանի ֆեդերացիաների աշխատանքին: 

«Առանձնահատուկ ուզում եմ նշել ազգային ֆեդերացիաների մեծ աշխատանքը: Ձմեռային մարզաձեւերի մեր ֆեդերացիաները մասնագիտական առումով շատ կայացած են: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նաեւ դահուկային սպորտի ֆեդերացիան ցանկացած հարցում մեզ աջակցելու մեծ պատրաստակամություն ցուցաբերեցին: Մելանյա Ստեփանյանը եւ Գագիկ Սարգսյանը մեզ շատ օգնեցին լավագույն մարզիկներին ներկայացնելով եւ բոլոր մասնագիտական հարցերով: Նրանք բոլորը պրոֆեսիոնալներ են եւ նրանց հետ շատ հաճելի է աշխատել: Գագիկ Սարգսյանը մեզ հետ կլինի նաեւ մրցավայրում»,- ամփոփեց Հովհաննես Գաբրիելյանը:

Հայաստանի պատվիրակության մի մասը արդեն մրցավայրում է: Հունվարի 12-ին տեղի կունենա Խաղերի բացման արարողությունը, իսկ հունվարի 13-ից պայքարը կսկսեն Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը մեկնարկ դուրս կգան գեղասահորդ Մարինա Ասոյանը եւ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում