22:06  ,  9 հունվարի, 2023

Նեպոմնյաշչին ու Դին Լիրենը շախմատային թագը կվիճարկեն ապրիլին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հաստատել է աշխարհի չեմպիոնական մրցամարտի անցկացման ժամկետը։

Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու չինացի Դին Լիրենը շախմատային թագը կվիճարկեն ապրիլի 7-30-ը, հաղորդում է ՖԻԴԵ-ի կայքը։

Մրցավայրը դեռ հաստատված չէ։ ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչն ավելի վաղ նշել էր, որ ամենահավանական տարբերակը Մեքսիկան է։

Նեպոպմնյաշչին հավակնորդների մրցաշարի հաղթողն է, Դին Լիրենը գրավել էր երկրորդ տեղը։ Գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը պաշտոնապես հրաժարվել է պաշտպանել տիտղոսը։

Կարլսենը դեկտեմբերին Ալմաթիում նվաճեց արագ եւ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնի տիտղոսները եւ այժմ համարվում է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Նա նաեւ համաշխարհային դասակարգման առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում