11:18  ,  9 հունվարի, 2023

Վազգեն Թեւանյան․ 2022 թվականն ընդմիշտ կհիշվի իմ կյանքում

2022 թվականն ընդմիշտ կհիշվի իմ կյանքում, քանի որ ես առաջին անգամ դարձա Մ23 աշխարհի չեմպիոն եւ գտա իմ կյանքի ուղեկցին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, Եվրոպայի Մ23 չեմպիոն Վազգեն Թեւանյանը:

Վիրահատությունից եւ մրցագորգից տեւական ժամանակ բացակայելուց հետո Վազգեն Թեւանյանը 2022 թվականին վերադարձավ թիմ, հաղթեց Թախթիի գավաթում, ապա մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Մեծահասակների աշխարհի առաջնությունում 23-ամյա ըմբիշը մեդալ չնվաճեց: Աշխարհի չեմպիոն դառնալու երազանքն իրականացավ, բայց, ինչպես ինքն է նշում, ոչ լիարժեք, որովհետեւ մեծ երազանքը մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոն դառնալն է:

Ազատ ոճի ըմբիշն Ամանորը դիմավորել է Ֆրանսիայում:

Վազգեն, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:  Ինչպե՞ս, ո՞ւմ հետ նշեցիր տոները:

Շնորհակալ եմ: Շնորհավորում եմ բոլորին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին մեր ազգի համար լինի խաղաղ տարի՝ նվաճումներով լի:

Սիրում եմ Ամանորը, Սուրբ ծննդյան տոները: Ինձ համար սա ընտանեկան տոն է, սիրում եմ նշել ընտանիքիս անդամների հետ: Այս տարի նշեցի Ֆրանսիայում իմ ապագա ընտանիքի անդամի հետ:

Ամփոփելով մրցաշրջան-2022-ը՝ ինչպիսի՞ն էր այն քեզ համար:

Անցած մրցաշրջանում նպատակներս կիսով չափ իրականացան: Մեծահասակների աշխարհի առաջնությունում չհաջողվեց մեդալ նվաճել: Դա էր ինձ համար տարվա ամենամեծ բացթողումը: Մնացած մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, հաղթեցի: Դարձա մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, Թախթիի գավաթում եւս դարձա հաղթող, իսկ մինչեւ այդ մրցաշարերի չէի մասնակցել: 2021 թվականի դեկտեմբերին վիրահատություն ունեցա, որից հետո մինչեւ 2022 թվականի ամառ վերականգնողական փուլի մեջ էի եւ չեմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Ինչո՞վ նշանավորվեց տարին քեզ համար:

2022 թվականին եմ անձնական կյանքում առաջընթաց եմ ունեցել, լուրջ քայլեր ձեռնարկել: Այս առումով կարեւոր տարի էր ինձ համար: Բացի այդ, առաջին անգամ դարձա աշխարհի չեմպիոն: Շեշտադրությունս մեծահասակների աշխարհի առաջնությունն էր, բայց այս անգամ չստացվեց եւ աշխարհի չեմպիոն դառնալը դեռ շարունակում է մնալ երազանք:

Ո՞րն է գլխավոր նպատակդ 2023 թվականին:

Նպատակներս շատ են նոր մրցաշրջանում: Իհարկե՝ գլխավոր նպատակս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է: Ուղեգրերը խաղարկվելու են աշխարհի առաջնությունում մինչեւ 4-րդ տեղ: Մեծահասակների աշխարհի չեմպիոնի տիտղոսը շարունակում է մնալ գերնպատակ, նաեւ պետք է փորձեմ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դառնալ: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում