01:44  ,  8 հունվարի, 2023

«Ինտերը» հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Մոնցային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 2:2։

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։ 1 րոպե անց դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը։ Աչքի ընկավ իտալացի հարձակվող Պատրիկ Չիուրիան։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի երկրորդ գոլը 22-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ «Մոնցային» պարտությունից փրկեց իտալացի պաշտպան Լուկա Կալդիրոլայի գոլն ավելացված երրորդ րոպեին։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 71-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։

«Ինտերը» 34 միավորով չորրորդն է եւ 2 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ Այս տուրում «Միլանը» հունվարի 8-ին կընդունի «Ռոմային»։ «Մոնցան» 14-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մոնցա» - «Ինտեր»՝ 2:2 (տեսանյութ)

Պատրիկ Չիուրիա, 11, Լուկա Կալդիրոլա, 90+3 -  Մատեո Դարմիան, 10, Լաուտարո Մարտինես, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում