11:03  ,  3 հունվարի, 2023

Անի Հովսեփյան․ ԵԱ-ից առաջ որոշել էի՝ եթե չհաղթեմ, կավարտեմ կարիերաս (ֆոտոշարք)

Մրցաշրջան 2022-ն առանձնահատուկ էր պատմական նվաճումներով: Հայկական սպորտում ամենատպավորիչ հաղթանակը բռնցքամարտիկ Անի Հովսեփյանի Եվրոպայի չեմպիոնությունն էր:

Հոկտեմբերի 22-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հայկական բռնցքամարտի պատմության մեջ նա առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։

70 կգ քաշայինների եզրափակիչում Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։

Այս պատմական նվաճման շնորհիվ Անի Հովսեփյանն առաջին անգամ ընդգրկվեց 2022 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակում:

NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջանի ամփոփիչ հարցազրույցը Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանի հետ:

Ներկայացնում ենք նաեւ NEWS.am Sport-ի լուսանկարիչ Էմմա Ասատրյանի ֆոտոշարքը Եվրոպայի չեմպիոնի մասնակցությամբ: 

Անի, մրցաշրջան-2022-ը կհիշվի նաեւ քո պատմական հաղթանակով: Ինչպիսի՞ն էր տարին քեզ համար:

2022-ից գոհ եմ եւ դժգոհ: Եղավ մի դրվագ, որի համար ափսոսում եմ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնացի, չկարողացա մեդալ նվաճել: Դրա սփոփանքը եղավ Եվրոպայի առաջնությունը, որտեղից վերադարձա ոսկե մեդալով:

Աննկարագրելի զգացողություններ էր, երբ առաջին անգամ կանգնեցի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Անկեղծ կլինեմ՝ սպասում էի այս հաղթանակին: Մարզիկներ կան, որ պատվո հարթակին հուզվում են, իրենց հույզերն արտահայտում, իսկ երբ ես կանգնեցի, հասկացա, որ այդպես էլ պետք է լիներ: Այս հաղթանակին շատ երկար էի սպասել եւ, երբ պարգեւատրվեցի, հասկացա, որ կանգնած եմ այնտեղ, որտեղ պետք է լինեի:

Նշեցիր, որ երկար էիր սպասել ոսկե հաղթանակիդ: Ի՞նչ դժվարությունների միջով ես անցել չեմպիոնության ճանապարհին:

Շատ դժվարություններ են եղել իմ մարզական կարիերայում, նաեւ սպորտից դուրս: Առաջին անգամ, երբ որոշեցի՝ պետք է զբաղվեմ բռնցքամարտով, ծնողներս դեմ էին, նաեւ շրջապատի մարդկանց կարծրատիպն էր խոչընդոտ աղջկա բռնցքամարտով զբաղվելու մասին: Բազմիցս ինձ ասել են, որ բռնցքամարտը աղջկա մարզաձեւ չի, աղջիկն իրավունք չունի զբաղվել բռնցքամարտով եւ այլն: Իսկ ես համառ գտնվեցի, պայքարեցի ծնողներիս դեմ եւ սկսեցի հաճախել բռնցքամարտի:

Դժվարություններ ունեցա նաեւ սպորտում: Շատ անհաջողություններ եմ ունեցել իմ կարիերայում, բայց ամեն անհաջողությունից հետո հիշել եմ, թե ինչերի միջով եմ անցել, ինչպես եմ սկսել զբաղվել իմ սիրած մարզաձեւով, նորից ուժ եմ ստացել: Բազմիցս ինքս ինձ համոզել եմ, որ հերթական անհաջողությունը եթե ունենամ, դա լինելու է իմ վերջին մրցաշարը: Հիասթափությունս հասնում էր գագաթնակետին այնքան, որ այլեւս ուժ չէի ունենում մարզվել:

Եվրոպայի առաջնությունից առաջ արդեն հստակ էի որոշել եւ իմ առջեւ խնդիր դրել, որ եթե այստեղ էլ ես չհաղթեմ, ուրեմն սա իսկապես իմ մարզական կարիերայի վերջին մրցաշարն է:

Ի՞նչն էր անհաջողություններիդ պատճառը:

Կարծում եմ՝ հոգեբանական խնդիր էր: Ես մրցաշարերում չէի կարողանում այնպես հանդես գալ, ինչպես մարզումներին էի անում: Եվրոպայի առաջնությունում կարողացա հավատալ ինքս ինձ, հավաքվել, հավատալ, որ ես ուժեղ եմ եւ վերջապես նվաճեցի այդ երկար սպասված ոսկե մեդալը:

Ծնողներդ ինչո՞ւ էին դեմ եւ նրանց կարծիքը փոխվե՞ց հաղթանակիցդ հետո:

Այո, արդեն համակերպվել են ընտրությանս հետ: Ասեմ, թե ինչու էին դեմ բռնցքամարտին. վախենում էին, որ դեմքիս հարվածքներ չստանամ, վնասվածքներ չունենամ: Բնական էր նրանց վերաբերմունքը, յուրաքանչյուր ծնող էլ կանհանգստանա, բայց ես ավելի ուժեղ գտնվեցի, քան նրանք: Ծնողներս սկզբում ինձ տանում էին բռնցքամարտի՝ մտածելով, թե շուտով կհիասթափվեմ, կվախենամ այդ հարվածներից, կհրաժարվեմ մարզաձեւից: Ես ամեն մարզումից հետո հասկացել եմ, որ սա այն մարզաձեւն է, որը ես ամբողջ հոգով սիրում եմ: Առաջին իսկ մարզումից սիրահարվել եմ բռնցքամարտին:

Այսքան դժվարություններից հետո ի՞նչ նշանակություն ունի Եվրոպայի ոսկե մեդալը քեզ համար:

Ամեն անգամ մեդալս ձեռքս բռնելիս զգում եմ նրա ծանրությունը, բայց ոչ երկաթի․ այն մեծ աշխատանքի, քրտնաջան մարզումների, հույզերի, լացի, հիասթափության կշիռն է: Հույս ունեմ, որ այս մեդալն ինձ մոտիվացիա կլինի հետագա մրցաշարերում հաջողությունս կրկնելու համար:

Ո՞րն է ամենահիշվող օրը 2022-ում:

Ամենալավ օրն ինձ համար Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի օրն էր, երբ հասկացա, որ արդեն առնվազն բրոնզե մեդալ ունեմ: Ամենաուրախ օրս էր: Նաեւ ունեցա վատ օր, աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի օրը, երբ պարտվեցի: Ամենավատ օրն էր ինձ համար, որովհետեւ ինձ ընդամենը մեկ քայլ էր բաժանում աշխարհի մեդալից, բայց ես ինչ-որ խնդիրների պատճառով չկարողացա այն նվաճել:

Անի, անձնական կյանք ունե՞ս: Ինչպե՞ս ես համատեղում բռնցքամարտն ու անձնական կյանքը:

Չեմ սիրում խոսել անձնականից: Այս պահին իմ բոլոր մտքերը բռնցքամարտի հետ են կապված, գերխնդիրս սպորտում հաջողություններ գրանցելն է: Այս ամենից ելնելով անձնական կյանքս գնացել է երկրորդ, երրորդ պլան: Նաեւ փորձում եմ ինչ-որ տեղ էլ չնկատել անձնականը:

Սխալ կարծրատիպ է, թե տղաները վախենում են բռնցքամարտիկ աղջիկներից: Եթե աղջիկը կյանքում նուրբ է, կանացի, ցանկացած տղա չի մտածի, թե դիմացինը բռնցքամարտիկ է: Ամեն ինչ գալիս է աղջկանից:

Ես կյանքում եւ ռինգում շատ տարբեր եմ: Ռինգից դուրս շատ հանգիստ մարդ եմ: Ինձ ճանաչողներն ասում են, թե ինչպես է հնարավոր այս բնավորության տեր մարդը բռնցքամարտով զբաղվի: Ռինգում չգիտեմ՝ ինչ է կատարվում ինձ հետ, ագրեսիա է մտնում մեջս: Հասկանալով, որ դիմացինս էլ է աղջիկ, մտածում եմ, որ երկու աղջիկների պայքարում չեմ կարող զիջող լինել: Երեւի դա է պատճառը, որ այդպես փոխակերպվում եմ բռնցքամարտիկ Անիի:

Ո՞րն է մեծ երազանքդ 2023-ի համար:

Ամեն տարի Ամանորի գիշերը պահում եմ երազանք, բայց այն ավելի շատ նպատակ է: 2023-ում գերնպատակս աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու մարտին: Կանեմ ամեն ինչ, որ այս նույն արդյունքը կրկնեմ աշխարհի առաջնությունում, որից հետո հայացքս կուղղեմ դեպի Փարիզ-2024 Օլիմպիական խաղեր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով