09:09  ,  31 դեկտեմբերի, 2022

Մրցաշրջան-2022. Հայկական սպորտի գլխավոր նվաճումները (ֆոտո)

Մրցաշրջան-2022-ը փառահեղ ստացվեց հայկական սպորտի համար: Այս մրցաշրջանում հայ մարզիկները տարբեր մարզաձեւերում, տարբեր տարիքային խմբերում նվաճեցին 306 մեդալ, որից 104-ը ոսկե:

2022-ում փառահեղ հաղթանակներով աչքի ընկան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը, փայլեց նաեւ շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:

Մրցաշրջանի իսկական բացահայտումներ եղան բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը եւ պատանի ձյուդոիստ Գոռ Կարապետյանը, որոնք պատմական հաղթանակներ գրանցեցինք հայկական մարզաշխարհի համար:

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի գլխավոր նվաճումները մրցաշրջան-2022-ում:

Արթուր Դավթյանի պատմական հաղթանակը աշխարհի առաջնությունում

Այս մրցաշրջանի ամենամեծ նվաճումը սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանի չեմպիոնությունն էր աշխարհի առաջնությունում:

Նոյեմբերի 6-ին Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը փայլուն մրցելույթով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Դավթյանը հենացատկի վարժությունում 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում:

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

Սեպտեմբերի 12-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:

Եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Բրոնզե մեդալներ սպորտային մարմնամարզության, ծանրամարտի, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություններում

Լիվերպուլում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականի ավագն ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ եւ 14.733 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:

Սերբիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը դարձավ բրոնզե մեդալակիր: 77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 7:1 հաշվով: 

Սերբիայում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում  Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ նվաճեց բրոնզե մեդալ: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ եւ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին՝ հաղթեց ժամանակից շուտ 12:0 հաշվով:

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու բրոնզե մեդալ: Առաջին բրոնզե մեդալը նվաճեց Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը: Տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցեց 389 կգ արդյունք (175+214): 

Բոգոտայում Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալը երկամարտի 461 կգ արդյունքով նվաճեց +109 կգ քաշային Վարազդատ Լալայանը (215+246):

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Մայիսի 30-ին Երեւանում Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Բաչկովը մենամարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Ամրաոիի հետ եւ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք ռաունդներում էլ Բաչոկվը հաղթեց 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում նաեւ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:

Անի Հովսեփյանի պատմական նվաճումը Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբերի 22-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հայկական բռնցքամարտի պատմության մեջ նա առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։

70 կգ քաշայինների եզրափակիչում Անի Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։

Հարություն Մերդինյանի երկրորդ չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում

Օգոստոսի 21-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

38-ամյա Մերդինյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր: Հարություն Մերդինյանն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2016 թվականին։

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մարտի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ  հաղթանակով 3 րոպե 49 վայրկյանում հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Ալթիի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 15:3 հաշվով:

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ապրիլի 2-ին Մալխաս Ամոյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը մրցեց 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ եւ հաղթանակ տարավ 4:3 հաշվով:

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հունիսի 1-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Հարությունյանը երկամարտում գրանցեց 354 կգ արդյունք (160+194):

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հունիսի 3-ին Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Ալբանիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 96 կգ քաշային կարգում:  Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (171+206):

7 արծաթե եւ  7 բրոնզե մեդալներ ծանրամարտի, բռնցքամարտի, սպորտային մարմնամարզության, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններում

Մրցաշրջան-2022-ում Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավիթյանը (հենացատկ), բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), ծանրորդներ Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ):

Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ են՝ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ), ծանրորդներ Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67կգ) եւ ազատ ոճի ըմբիշ Մանվել Խնձրցյանը (57 կգ):

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Օգոստոսի 9-ին շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միավոր։ 

Սամբո. Դավիթ Գրիգորյանը՝ աշխարհի փոխչեմպիոն (88 կգ), Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր (64 կգ), Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն (98 կգ), Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր (64 կգ):

Հրաձգություն. 10մ վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց. Եվրոպայի չեմպիոններ՝ Լիլիթ Մկրտչյան (561 միավոր), Գոռ Խաչատրյան (571 միավոր), Գոհար Հարությունյան (556 միավոր):

10մ վազող թիրախ, խառը վազք, 20+20 կրակոց Եվոպայի չեմպիոններ՝ Լիլիթ Մկրտչյան (373 միավոր), Գոռ Խաչատրյան (383 միավոր), Գոհար Հարությունյան (378 միավոր): 

Եվրոպայի փոխչեմպիոններ՝ 10մ վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց. Արուսյակ Գրիգորյան (557 միավոր), 10մ վազող թիրախ, խառը վազք, 20+20 կրակոց` Արուսյակ Գրիգորյան (370 միավոր): 

«Փյունիկի» նվաճումը

«Փյունիկը» հինգ տարվա դադարից հետո իր պատմության մեջ 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, Չեմպիոնների լիգայում հաղթահարեց որակավորման առաջին երկու փուլերը՝ դառնալով առաջին հայկական թիմը, որը դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Փյունիկը» հայկական թիմերից առաջինը հաղթանակներ տարավ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում