13:26  ,  30 դեկտեմբերի, 2022

Փարիզ-2024․ Հաստատվել են ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզի օլիմպիական խաղերի  վարկանիշային  մրցաշարերը:

120 տեղ  է հատկացված կանանց և տղամարդկանց (60 + 60) մրցաշարերի համար, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, կանայք ՝  49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:

Հատկացված 60 քվոտաները հավասարապես բաշխվում են քաշային կարգերի միջև։ 

Փարիզի Օլիմպիական խաղերին ամեն երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին:

Ուղեգրերի համար մարզիկները պետք է մասնակցեն առնվազն  5 վարկանիշային մրցաշարի: Պարտադիր են 2023թ. աշխարհի   առաջնությունը (սեպտեմբերի 2-17, Սաուդյան Արաբիա) և 2024թ. աշխարհի գավաթի խաղարկությունը (ապրիլի 2-11, Թաիլանդ):

Պետք է մասնակցել  2023թ. հունիսին ՝ Կուբայի և դեկտեմբերին՝ Քաթարի   Գրան Պրիներին,  2023թ. և 2024թ. Եվրոպայի առաջնություններին և Կոլումբիայի  աշխարհի առաջնությունը, որն արդեն տեղի է ունեցել այս ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում