Արաս Օզբիլիզը հեռացավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկից», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի, Ամստերդամի «Այաքսի», ռուսական «Կուբանի», Մոսկվայի «Սպարտակի», Ստամբուլի «Բեշիկթաշի», իսպանական «Ռայո Վալյեկանոյի», Տիրասպոլի «Շերիֆի», հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» նախկին խաղացողը «Փյունիկին» միացել էր 2019 թվականի ամռանը և Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում անցկացրած 31 պաշտոնական խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
«Ստացած վնասվածքները խանգարեցին Արասին ցուցադրելու իր ողջ կարողությունն ու անհրաժեշտ խաղային պրակտիկա ունենալ, սակայն երբ նա խաղադաշտ է դուրս եկել, նա միշտ ներդրել է իր ողջ ուժերն ու օրինակելի եղել իր թիմակիցների համար։
Շնորհակալություն, Արաս՝ «Փյունիկում» անցկացրած ժամանակի համար։ Մենք կկարոտենք քեզ»,- նշվում է «Փյունիկի» հաղորդագրությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում