13:36  ,  28 դեկտեմբերի, 2022

ՀԱՕԿ-ն այս տարի հրաժարվել է ճոխ տոնական միջոցառումներից

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մրցաշրջանի ամփոփիչ տոնական միջոցառումներ այս տարի չի անցկացնի։ Այդ մասին նշվում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդագրությունում․

«2022 թվականը բացառիկ հաջող էր հայ մարզիկների համար։ Բոլոր տարիքային խմբերում, տարբեր մարզաձևերում, Հայաստանը վերահաստատեց իր տեղը աշխարհի ուժեղագույն պետությունների շարքում։

Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է, մեր ընդհանուր հպարտությունը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես միշտ, այս տարի ևս, հավուր պատշաճի, պարգևատրում է հաջողության հասած մեր մարզիկներին։

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչները կստանան արժանի վաստակին համապատասխան խոշոր դրամական պարգևներ։

ՀԱՕԿ-ը, հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր քաղաքացիների անկեղծ ապրումները, որոշում է կայացրել՝ այս տարի հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մեր մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում։

Այս որոշումը կայացրել ենք մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝  խորհրդակցությունների արդյունքում։

Վստահ ենք, որ որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության կողմից։

Մենք համոզված ենք, որ հաղթանակների, մարզական և ազգային արժանապատվության մեր լավագույն օրերը առջևում են և  առաջիկայում կունենանք նորանոր առիթներ՝ մեծ շուքով նշելու մեր հաղթանակները։

                                     Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում