18:46  ,  27 դեկտեմբերի, 2022

Մրցաշրջան-2022-ի լավագույն մարզիկների պարգեւատրում «Օլիմպիական հերթափոխի» քոլեջում (ֆոտո, վիդեո)

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցավ մրցաշրջան-2022-ի լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, նրա որդին՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանը, հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ:

Արմեն Նազարյանը պարգեւատրեց 2022 թվականին հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների, մինչեւ 23 տարեկանների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների չեմպիոններին եւ մրցանակակիրներին:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը՝ ազատ ոճայիններին, Վիկ Դարչինյանը պարգեւատրեց Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին եւ հայկական բռնցքամարտում տարվա ընթացքում մեդալներ նվաճած մարզիկներին:

Առանձին պարգեւի արժանացավ նաեւ ձյուդոյի պատանիների աշխարհի չեմպիոն Գոռ Կարապետյանը: Պարգեւատրվեցին նաեւ մարզիկների անձնական մարզիչները:

Չեմպիոններն ու շրջանավարտներն իրենց լուսանկարներով զարդարեցին օլիմպիական հերթափոխի քոլեջի տոնածառը:

Առանձին պարգեւների արժանացան նաեւ Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Պարգեւատրված բոլոր մարզիկները Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանողներ են եւ շրջանավարտներ: Կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը եւս ԵՕՀՊՄ քոլեջի շրջանավարտ է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում