17:33  ,  26 դեկտեմբերի, 2022

Վահե Գեւորգյան․ «Ալաշկերտը» լուրջ, արմատական փոփոխությունների կարիք ունի

Երեւանի «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի ծրագրերի մասին։

Պարոն Գևորգյան, բարի գալուստ «Ալաշկերտ»։ Ինչպե՞ս ընդունեցիք մեր թիմը գլխավորելու առաջարկը։

Շնորհակալություն։ «Ալաշկերտի»՝ Գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո, հանդիպում ունեցա Բագրատ Նավոյանի հետ։ «Ալաշկերտը» Հայաստանի տիտղոսակիր և հաղթական ավանդույթներ ունեցող ակումբներից է, և բնական է, որ ստեղծված իրավիճակը չէր գոհացնում ակումբի սեփականատիրոջը։

Բանակցությունները տևեցին մոտ մեկ ամիս, ինչի ընթացքում քննարկեցինք ակումբի հետագա զարգացմանը միտված մի շարք հարցեր և եկանք համաձայնության։

Նշեցիք, որ մանրակրիտ և հիմնարար քննարկումների արդյունքում պարոն Նավոյանի հետ նաև ակումբի զարգացման ծրագիր եք մշակել։ Մի փոքր կմանրամասնե՞ք։

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակաշրջանում «Ալաշկերտի» հետ կապված շատ էր քննադատությունը և բացասական մթնոլորտը։

Պարոն Նավոյանի հետ քննարկել ենք նմանատիպ ընկալման պատճառները, գտել ենք լուծումներ՝ ոչ միայն ֆուտբոլային, այլև կենցաղային և կազմակերպչական հարցերը նոր մակարդակի հասցնելու նպատակով։

«Ալաշկերտը» լուրջ, արմատական փոփոխությունների կարիք ունի, բոլորս միասին պետք է հսկայածավալ աշխատանք կատարենք՝ մեր նպատակներին հասնելու համար։

Սա գիտակցված և կշռադատված որոշում է։ Գիտեմ, թե ինչ մարտահրավերներ են առաջանալու իմ, մարզչական շտաբի և, առհասարակ, ակումբի առջև, բայց ես վստահ եմ, որ մենք պատվով ենք դուրս գալու ստեղծված իրավիճակից։

Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախորդ մարզչական շտաբին՝ կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

«Ալաշկերտի» կազմում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, արդեն հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ։ Ինչպիսի՞ սելեկցիոն աշխատանքներ են սպասվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Այո, արդեն հայտարարել ենք մի շարք ֆուտբոլիստների հեռանալու մասին։ Կային ֆուտբոլիստներ, որոնց հետ չի հաջողվել համաձայնության հասնել պայմանագիրը երկարաձգելու շուրջ դեռևս մինչև իմ՝ «Ալաշկերտը» գլխավորելը, իսկ որոշ խաղացողների ծառայություններից անձամբ եմ հրաժարվել։

Նորից ընդգծեմ, որ հեռացածների մեջ կային ֆուտբոլիստներ, ում հետ ես հույսեր կապում էի։ Սակայն, դա բնականոն գործընթած է ֆուտբոլում, որն առկա է բոլոր ակումբներում։

Այս պահին սելեկցիոն ակտիվ գործընթացի մեջ ենք։ Ընտրելու ենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կհամապատասխանեն մեր խաղաոճին և պահանջներին։

Հնարավորինս կփորձենք երիտասարդացնել թիմի միջին տարիքը։ Դա վերաբերում է թե՛ տեղացի և թե՛ արտասահմանցի ֆուտբոլիստների ընտրությանը։ Թիմին «թարմ արյուն» է անհրաժեշտ։

Մի փոքր բարդ է այն առումով, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ որակյալ ֆուտբոլիստներ պայմանագրով կապված են իրենց ակումբների հետ։ Բացի այդ, բարձրակարգ ֆուտբոլիստները չեն շտապում ընդունել հայկական ակումբից ստացած հրավերը և, այսպես ասած, սպասեցնում են մեզ։

Սակայն, մենք մարտական ենք տրամադրված և ձգտելու ենք հնարավորինս պրոդուկտիվ սելեկցիա իրականացնել։

Ի՞նչ նպատակներ կան առաջնության երկրորդ հատվածի հետ կապված։

Առաջնության գարնանային հատվածում մեզ մնացել է անցկացնել 16 հանդիպում։ Քանի որ դուրս ենք մնացել Գավաթի խաղարկությունից, կկենտրոնանանք առաջնությունում մրցելույթների վրա։

Ունենք 16 եզրափակիչ։ Ցանկացած խաղում դուրս ենք գալու խաղադաշտ բացառապես հաղթանակի ակնկալիքով։ Այլ տարբերակ չկա։

Ցուցադրելու ենք արագ, կրակոտ ֆուտբոլ՝ չանտեսելով արդյունքը։ Եկել եմ «Ալաշկերտ» հաղթանակների հետևից։

Խոսենք նախապատրաստական ծրագրերի մասին։

Փաստացի պետք է թիմը նորովի կազմավորենք, իսկ խաղակցվածության հետ կապված հարցը լուծենք նախապատրաստական փուլի ընթացքում։

Հունվարի 7-ից կվերսկսենք մարզումները մեր նորակառույց արհեստական խոտածածկով խաղադաշտում։

Այնուհետև երկարատև արտասահմանյան հավաք կունենանք, որի ընթացքում կանցկացնենք նաև 5 ստուգողական հանդիպում։

Ովքե՞ր են ընդգրկված Ձեր մարզչական շտաբում։

Եթե գլխավոր մարզիչն ունի ձևավորված, մեկ ամբողջական օրգանիզմի պես գործող և իր պահանջներին քաջածանոթ մարզչական շտաբ, ապա միշտ ցանկանում է նախկին օգնականներին ընդգրկել նաև նոր նախագծում։ Այդ առումով ես էլ բացառություն չեմ։

Ավելի ուշ այդ կապակցությամբ էլ ակումբը հայտարարություն կտարածի։

«Ալաշկերտում» իր աշխատանքը կշարունակի և ինձ կօգնի նաև դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։

Հայտնի է, որ թե ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը և թե դուք, շատ սկզբունքային և էմոցիոնալ եք։ Ինչպե՞ս եք պատկերացնում համատեղ աշխատանքը։

Ինչպես նշեցի, մեր բանակցությունները տևել են մոտ մեկ ամիս և շատ պրոֆեսիոնալ ու դրական ընթացք են ունեցել։ Շատ լավ հարաբերություններ ունեմ պարոն Նավոյանի հետ։ Այո, երկուսս էլ էմոցիանալ ենք, բայց հասուն մարդիկ ենք։

«Ալաշկերտում» կատարվելու է աշխատանքի հստակ բաժանում և բոլորս միասին գնալու ենք մեր նպատակների հետևից։

Բարձր են թե՛ ակումբի սեփականատիրոջ և թե՛ իմ ամբիցիաները։ Պետք է ցուցադրենք էֆեկտիվ, արդյունք բերող ֆուտբոլ։ Ինձ համար ֆուտբոլում խաղաոճն արդյունքի հասնելու միջոց է։

Որպես վերջաբան՝ ի՞նչ կցանկանայիք հղել «Ալաշկերտի» համակիրներին, որոնք, վստահաբար, ոգևորված են Ձեր նշանակումով։

Ֆուտբոլը երկրպագուների համար է։ Շատ եմ կարևորում երկրպագուների գործոնը։ Ցանկանում եմ ասել, որ գալիք տարում «Ալաշկերտը» յուրովի է ներկայանալու ֆուտբոլային հասարակության և ֆուտբոլասերների դատին։

Խնդրում եմ լինել մեր կողքին, աջակցել «Ալաշկերտին», ինչն էլ ավելի մեծ ուժ կտա՝ մեր առջև դրված նպատակներին հասնելու համար։ «Ալաշկերտը» մշտապես պայքարել և պայքարելու է ամենաբարձր տեղերի համար։

Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհավորել բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող որ 2023 թվականը հաղթանակաների տարի դառնա մեր ազգի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում