12:31  ,  13 դեկտեմբերի, 2022

Արսեն Հարությունյան․ Շատ ուրախ եմ, որ այս տարի եւս կարողացա ուրախացնել երեխաներին (ֆոտո)

Շատ ուրախ եմ, որ այս տարի եւս կարողացա ուրախացնել երեխաներին: Ուզում եմ միշտ լինել նրանց կողքին, ժպիտներ պարգեւել: Նաեւ մեծ պատիվ է սրբազանի կողմից շնորհակալագիր ստանալ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: 23-ամյա ըմբիշը հանգստյան օրերին մեծ տոն է պարգեւել մարմարաշենցի փոքրիկներին:

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել գյուղի գլխավոր տոնածառի բացումը:

Նախորդ տարի երիտասարդ ըմբիշը պետական պարգեւավճարներով Մարմարաշեն համայնքի համար մեծ տոնածառ էր գնել եւ մեծ շուքով երեխաների հետ վառել տոնածառի լույսերը: Այս տարի նույնպես Եվրոպայի կրկնակի չեմպիոնը որոշեց չխախել ավանդույթը եւ տոնական օր պարգեւել իր համայնքի բնակիչներին:

«Շատ ուրախ եմ, որ այս տարի եւս կարողացա ուրախացնել երեխաներին: Այնքան երջանիկ էին նրանք, ժպիտները նրանց դեմքից չէր հեռանում: Ես էլ նրանց հետ շատ էի ուրախացել, այդքան ժպիտներ, երջանիկ փայլող աչքեր տեսնելով՝ երջանիկ էի: Ուզում եմ միշտ լինել երեխաների կողքին, նրանց ժպիտներ պարգեւել, օգնել, ինչով կկարողանամ, իմ խորհուրդներով, օրինակներով ծառայել նրանց, որպեսզի նրանք էլ ունենան հետաքրքիր ապագա եւ մեծանան խելացի:

Ամեն տարի փորձում եմ մի բան ավելացնել: Այս տարի լուսավորությունն այլ էր, շատացրել էինք, բոլորը, կարծես, գոհ էին: Երեխաների համար գնել էի 5 մետրանոց մեծ ձմեռ պապիկ: Շքեղ հրավառություն ունեցանք, որն ավելի գունավոր դարձրեց երեխաների հեքիաթային օրը: Ամեն ինչ անելու եմ, որ ամեն տարի նրանց համար Նոր տարին իսկական տոնի վերածվի, ավելի լավ կազմակերպեմ նրանց նախատոնական օրերը մեր համայնքում:

Այդ օրը նաեւ մի շատ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ, որն ինձ համար շատ կարեւոր էր: Տոնածառի լույսերը վառելու միջոցառմանը ներկա էր նաեւ Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Ղազար սրբազանը, որն ինձ շնորհակալագիր հանձնեց՝ Հայ առաքելական եկեղեցու կողքին մշտապես լինելու համար: Անսպասելի եւ հաճելի անակնկալ էր ինձ համար: Շատ մեծ պատասխանատվությում եմ զգում, որ Հայ առաքելական եկեղեցու սրբազաններից մեկն ինձ այսպիսի շնորհակալագիր է տալիս: Ինձ համար մեծ պատիվ է: Միշտ պատրաստ եմ լինել եկեղեցու կողքին, նպաստել, որ երեխաները շատ հավատան, հավատք սերմանեմ նրանց մեջ: Ուզում եմ, որ երեխաները միշտ գնան եկեղեցի, աղոթեն, բոլորի մտքերը բարի լինեն: Պատահական չէ, որ տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառումն արդեն երկրորդ տարին կազմակերպում եմ մեր համայնքի եկեղեցու բակում»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում տեղադրված տոնածառի լույսերը վառվեցին մեծ շուքով, Ձմեռ Պապով, երգ ու պարով Արսեն Հարությունյանի մասնակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում