20:55  ,  10 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Մարոկկոն հաղթեց Պորտուգալիային եւ առաջին անգամ կխաղա կիսաեզրափակիչում (տեսանյութ)

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Պորտուգալիայի հավաքականները։

Նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմը։ Պորտուգալիայի հավաքականն ուներ մեծ տարածքային առավելություն՝ 73 տոկոս գնդակի վերահսկողությամբ, սակայն 3 հարված կատարեց մրցակցի դարպասին։

Իսկ Մարոկկոն իր 3 հարվածից մեկը վերածեց գոլի։ 42-րդ րոպեին Մարոկկոյի «Վիդադ» ակումբի 27-ամյա պաշտպան Յահյա Ատիատ-Ալլահի փոխանցումից հետո պորտուգալացիների դարպասը գրավեց իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին (տեսանյութ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ մնացել էր պահեստայինների թվում։ 37-ամյա հարձակվողի փոխարեն դարձյալ մեկնարկային կազմում էր Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը։ 

Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ 51-րդ րոպեին անգլիական «Վուլվերհեմփթոնի» 25-ամյա կիսապաշտպան Ռուբեն Նեւեշի փոխարեն։ Սակայն Ռոնալդուն էլ գոլ խփել չկարողացավ։ Միայն մեկ անգամ նա հարվածեց դարպասին։ Գերազանց հանդիպում անցկացրած «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Բունուն սեյվ կատարեց։

Ավելացված առաջին եւ երրորդ րոպեներին երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց Մարոկկոյի հավաքականի ու իտալական «Բարիի» 24-ամյա հարձակվող Վալիդ Շեդիրան։ Թվային առավելությունն էլ գոլի վերածել Պորտուգալիան չկարողացավ։

1/8 եզրափակիչում Մարոկկոն հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել էր Իսպանիայի հավաքականին։

Մարոկկոն կիսաեզրափակիչում կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Մարոկկո - Պորտուգալիա՝ 1:0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 42

Հեռացում՝ Վալիդ Շեդիրա (Մարոկկո), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով