21:47  ,  9 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Խորվաթիան դուրս թողեց Բրազիլիային (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցեցին 2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիան եւ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան։ Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Խորվաթիան։

Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Գրեթե հավասար պայքարում Բրազիլիան ուներ որոշակի առավելություն, որն արտացոլվեց դարպասին կատարած 3 հարվածով։ 

3 սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Առաջին խաղակեսում Խորվաթիան մրցակցի դարպասին հարված կատարել չկարողացավ։

Երկրորդ խաղակեսում բրազիլացիները զգալի խաղային առավելություն ունեին եւ եւս 5 հարված կատարեցին խորվաթների դարպասը։ 5 դրվագում էլ սեյվի հեղինակ դարձավ Դոմինիկ Լիվակովիչը։ Գնդակի վերահսկողությամբ հավասարություն էր (50/50 տոկոս), սակայն դարպասին հարված կատարել Խորվաթիայի թիմին չհաջողվեց։ 

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին անհատական անցում ձեռնարկեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարը, երկու անգամ պատ խաղարկեց թիմակիցների հետ, գոլային փոխանցում ստացավ Լոնդոնի «Վեստ Հեմի» 25-ամյա կիսապաշտպան Լուկաս Պակետայից եւ գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։ Նեյմարը 77-րդ գոլը խփեց ազգային թիմում՝  հավասարվելով ռեկորդակիր Պելեին։

117-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Զագրեբի «Դինամոյի» 28-ամյա հարձակվող Բրունո Պետկովիչը, որին գոլային փոխանցում կատարեց նույն ակումբի 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը  (տեսանյութ)։ Երկուսն էլ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն էին։ Ամբողջ հանդիպման ընթացքում խորվաթներն այդ մեկը հարվածը կատարեցին բրազիլացիների դարպասին։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին խորվաթները, հաղթեցին 4:2 հաշվով (տեսանյութ)  եւ դուրս եկան կիսաեզրափակիչ։

Առաջին հարվածը կատարեցին խորվաթները։ Իտալական «Տորինոյի» 25-ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը գրավեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» 30-ամյա դարպասապահ Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը։

Բրազիլացիների առաջին հարվածը ձախողեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» 21-ամյա հարձակվող Ռոդրիգոն։ Լիվակովիչը սեյվ կատարեց։

Խորվաթներից ֆրանսիական «Ռենի» 24-ամյա կիսապաշտպան Լովրո Մայերը չվրիպեց։

Բրազիլիայի առաջին գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն։

Խորվաթիայից երրորդ հարվածն արդյունավետ իրացրեց «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Բրազիլիայից հաջորդ հարվածը հաջող իրացրեց բրազիլական «Ֆլամենգոյի» 25-ամյա հարձակվող Պեդրոն։

Խորվաթիայի չորրորդ գոլը խփեց Օրշիչը։ Բրազիլացիներից վրիպեց նաեւ ՊՍԺ-ի 28-ամյա պաշտպան Մարկինյոսը՝ հարվածելով ուղղահայաց դարպասաձողին։

1/8 եզրափակիչում Խորվաթիան հաղթել էր Ճապոնիային (1:1, 11մ՝ 3:1), Բրազիլիան՝ Հարավային Կորեային (4:1)։

Խորվաթիան կիսաեզրափակիչում կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Խորվաթիա - Բրազիլիա՝ 1:1 (0:0, 1:1, 11մ՝ 4:2), (տեսանյութ)

Բրունո Պետկովիչ, 117 - Նեյմար, 105+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս