20:57  ,  4 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ժիրուի գոլն ու Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեցին քառորդ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մրցեց լեհերի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, որին գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Ժիրուն 52 գոլով դարձավ Ֆրանսիայի թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով թիմի նախկին խաղացող Թիերի Անրիի ռեկորդը (51 գոլ)։

74-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո ֆրանսիացիների առավելությունը կրկնապատկեց Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Ավելացված առաջին րոպեին Մբապեն նաեւ դուբլ ձեւակերպեց։ Նրան գոլային փոխանցում կատարեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։ Մբապեն 9-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։

Ավելացված 9-րդ րոպեին Լեհաստանի թիմը ստացավ 11-մետրանոցի իրավունք եւ այն արդյունավետ իրացրեց կատալոնական «Բարսելոնայի» 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիայի եւ Սենեգալի թիմերի դիմակայության հաղթողը։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Լեհաստան՝ 3:1 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրուն, 44, Կիլիան Մբապե, 74, 90+1 - Ռոբերտ Լեւանդովսկի, 90+9, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով