23:13  ,  1 դեկտեմբերի, 2022

Հովհաննես Բաչկովը չորրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չորրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում՝ դեկտեմբերի 2-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվելիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի LIFT պրոմոութերական ընկերության երեկոյում: Մրցակիցը մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայն է։

Արդեն տեղի է ունեցել մրցակիցների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։

Պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 3 մենամարտ, տարել 3 հաղթանակ։

Գյումրեցի բռնցքամարտիկի նախորդ մենամարտը տեղի է ունեցել այս տարվա մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  29-ամյա Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել էր  39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։ Գյումրեցի բռնցքամարտիկը  գրանցել էր տեխնիկական  նոկաուտ։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։

Մրցակիցն անցկացրել է 24 մենամարտ, տարել 22 հաղթանակ, 2 պարտություն։

Բաչկովի չորրորդ մենամարտը տեղի կունենա նրա ծննդյան օրը: Դեկտեմբերի 2-ին Եվրոպայի եռակի չեմպիոնը դառնում է 30 տարեկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում