21:14  ,  1 դեկտեմբերի, 2022

Մարոկկոյի հավաքականը 36 տարում առաջին անգամ դուրս եկավ ԱԱ-ի փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականը 36 տարում առաջին անգամ հաղթահարեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը։

1986թ․ աշխարհի առաջնությունում Մարոկկոն խմբում գրավել էր առաջիմ տեղը, իսկ 1/8 եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել Արեւմտյան Գերմանիայի հավաքականին։

Քաթարում ընթացող մրցաշարի խմբային փուլում Մարոկկոյի հավաքականը F խմբում 0:0 հաշվով խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, 2:0 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին, 2:1 հաշվով՝ կանադացիներին եւ 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Երկրորդ ուղեգիրը խմբից նվաճեց Խորվաթիայի թիմը։

1/8 եզրափակիչում Մարոկկոյի մրցակիցը կլինի E խմբում երկրորդ տեղը գրաված թիմը։ E խմբում ընդգրկված են Իսպանիայի, Ճապոնիայի, Կոստա Ռիկայի եւ Գերմանիայի հավաքականները։

1/8 եզրափակիչի չորս զույգերն արդեն հայտնի են․ Նիդեռլանդներ - ԱՄՆ, Անգլիա - Սենեգալ, Արգենտինա - Ավստրալիա, Ֆրանսիա - Լեհաստան։

Փլեյ-օֆֆի ուղեգրեր ապահովել են նաեւ Բրազիլիան ու Պորտուգալիան, որոնց մրցակիցները հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին՝ խմբային փուլի վերջին օրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով