19:04  ,  1 դեկտեմբերի, 2022

Երեւանում բացվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին․ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը հավանել է (ֆոտո, վիդեո)

Այս արձանն իմ կյանքն ավելացրեց, մինչեւ 100 տարեկան պիտի ապրեմ, որ վայելեմ: Ինձ շատ դուր եկավ, հաճելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում բացվեց եռակի օլիմպիական չեմպիոնի կիսանդրին:

Լեգենդար մարմնամարզիկի արձանի կառուցումը վաղուց էր նախատեսված, բայց միայն այս տարի Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնեց կիսանդրու տեղադրումը եւ հարակից տարածքի շինարարական աշխատանքները մարզադպրոցի բակում: Ի դեպ, կիսադրին կառուցվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Կիսանդրու բացմանը ներկա էր 93-ամյա Ալբերտ Ազարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Հայաստանի հավաքականի անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:

Մինչեւ բոլոր հյուրերը կժամանեին բացման հանդիսավոր արարողությանը, Ալբերտ Ազարյանը երկարատեւ դադարից հետո նորից իր հարազատ մարզադահլիճում էր, իր սենյակում, որտեղից երկար տարիներ ղեկավարել է մարմնամարզության ֆեդերացիան: Այդ ընթացքում մարմնամարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, դպրոցի սաները լեգենդար Ազարյանին տեսնելու համար մոտենում էին, բարեւում, լուսանկարում, լուսանկարվում, զրուցում եռակի օլիմպիական չեմպիոնի հետ:

Դպրոցի բակում արդեն Ազարյանին դիմավորում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ լեգենդար մարմնամարզիկի հետ բացում նրա կիսանդրին: Այդ ընթացքում Ալբերտ Ազարյանը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվում է, թե նոր մարզադպրոց կառուցելիս կիսանդրին ապամոնտաժելու են տեղափոխեն, թե նորն են կառուցելու: Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ իր անունով նոր մարզադպրոց է կառուցվելու եւ այնտեղ Ազարյանն ունենալու է մեկ այլ արձան:

«Շատ մեծ տպավորություններ ունեմ: Շատ հաջողված է կիսանդրին: Սա շատ մեծ բավականություն է ինձ համար: Կյանքս մի քիչ էլ ավելացրել, մինչեւ 100 պետք է ապրեմ, որ վայելեմ:  Հաճելի է, լավ ես զգում, երբ բացում ես քո արձանը: Շնորհակալ եմ բոլորից, Ծառուկյանից, Դումանյանից: Ես հոգով սիրահարված եմ Ծառուկյանին որովհետեւ նա միշտ ուշադիր է իմ հանդեպ, միշտ հետաքրքրվում է ինձանով, մեր մարզիկների կողքին է: Ինձ շատ դուր եկավ արձանը եւ տարածքը, որտեղ տեղադրվել է»,- ասաց Ալբերտ Ազարյանը:

ՀԱՕԿ նախագահը նշեց, որ Հրանտ Շահինյանի արձանի տեղադրումից հետո հաջորդ նպատակը եղել է Ազարյանի արձանի կառուցումը եւ տեղադրումը եռակի օլիմպիական չեմպիոնի մասնակցությամբ:

«Ալբերտ Ազարյանի արձակին կառուցումն իմ նպատակն է եղել: Այպիսի լեգենդների մեծարումը բոլորիս պարտքն է: Սա պետք է օրինակ լինի բոլորի համար, որպեսզի մեր լեգենդներին բոլորը ճանաչեն: Ես միշտ ուզեցել եմ այնպես անել, որ նրա հետ միասին այս արձանը բացենք, այսպիսի բան պատմության մեջ չի եղել, որ մարդը ողջ լինի եւ նրա օրոք իր արձանը բացեն: Ես խոստացա Ազարյանին, որ այս արձանը կմնա այստեղ, նրա անունով նոր մարզադպրոց կկառուցենք եւ մեկ այլ նոր արձան էլ այնտեղ կտեղադրենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ալբերտ Ազարյանի կիսանդրիի քանդակագործը Գերասիմ Շահվերդյանն է: Կիսանդրու հեղինակն ասաց, որ պատկերը լիարժեք տանալու հարցում նրան օգնել է Ալբերտ Ազարյանի թոռը:

«Առաջարկը ստացել եմ 2013 թվականից,երբ Հրանտ Շահինյանի արձանն էինք տեղադրում: Այդ ժամանակ Ազարյանը ներկա էր: Ծառուկյանն ասաց՝ Ազարյան ջան հաջորդը քոնն է:

Ինձ համար շատ հաճելի է, ասես նոր ուսանող լինեմ եւ հերթական ստուգատեսն եմ հանձնում: Ես պատկերել եմ Ազարյանին 28 տարեկանում, երբ նա առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Հիմնականում աշխատել եմ նկարներով: Խնդիրս եղել է , որ նա պատկերված լինի երիտասարդ: Բրոնզաձույլ է: Աշխատանքը տեւել է շուրջ երկու տարի: Այժմ աշխատում եմ երկրորդ տարբերակի վրա: Նոր մարզադպրոց է կառուցվելու նրա անունով, եւ ես արդեն նախագծում եմ նրա երկրորդ արձանը:

Նա ոչ մի նկատառում չի արել, չի եղել մի հատված, որ ասի՝ չեմ հավանում: Մի քանի անգամ եկել է արհեստանոց, հետեւել աշխատանքներին: Ինձ նաեւ օգնել է Ազարյանի թոռը՝ Կարենը, պատկերը լիարժեք ստանալու հարցում: Օգտվել եմ հավաքականի տղաների կազմվածքներից, որպեսզի կարողանայի ստանալ Ազարյանի կազմվածքը, կեցվածքը»,- մանրամասնեց քանդակագործը:

Սպորտային մարմնամազրության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն մրցաշրջան 2022-ի կարեւոր իրադարձությունների շարքին դասեց նաեւ Ազարյանի կիսանդրիի տեղադրումը:

«Այս տարին շատ հագեցած ստացվեց մեզ մոտ, մեծ հաղթանակներ ունեցանք՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն: Ինձ համար հաջորդ կարեւոր իրադարձությունն այս կիսնադրու տեղադրումն էր եւ բացումը: Ինձ համար, հավաքականի, բոլորիս համա մեծ պատիվ է՝ Ալբերտ Ազարյանի հետ միասին մասնակցել նրա կիսանդրու բացմանը, լինել նրա սաները, նրա մարզադպրոցի սաները: Հուզվում եմ մի փոքր, ես նույնպես այս մարզադպրոցից եմ եղել, արդեն շուրջ 45 տարի այստեղ եմ եւ ուրախ եմ, որ մենք մեր բակում արդեն ունենք լեգենդի կիսանդրին: Կրկնակի ուրախ եմ, որ նա ողջ է, մեզ հետ է եւ մասնակցեց այս արարողության»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում