20:57  ,  29 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Նիդեռլանդների եւ Սենեգալի թիմերը դուրս եկան 1/8 եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության A խմբից 1/8 եզրափակիչի ուղեգրերը նվաճեցին Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները։

Խմբային փուլի վերջին տուրում Նիդեռլանդների թիմը մրցեց առաջնության կազմակերպիչ Քաթարի հավաքականի հետ։ Լուի վան Գալի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ՝ առավելության հասնելով 2:0 հաշվով։

Երրորդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ «ՊՍՎ Էյնդհովենի» 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։ Նրան գոլային փոխանցում կատարեց Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը։

Հոլանդացիների երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։

Նիդեռլանդների թիմը 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված թիմի հետ։

Երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Սենեգալի եւ Էկվադորի հավաքականները։ 2:1 հաշվով առավելության հասան Աֆրիկայի չեմպիոնները։

Սենեգալցիները խաղի հաշիվը բացեցին 44-րդ րոպեին։ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Ուոթֆորդի» 24-ամյա հարձակվող Իսմաիլա Սառը։

68-րդ րոպեին Էկվադորի թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Մեքսիկական «Սանտոս Լագունայի» 25-ամյա պաշտպան Ֆելիքս Տորեսի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիական «Բրայթոնի» 21-ամյա կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն։

Սակայն արդեն հաջորդ գրոհի ժամանակ Սենեգալի թիմը ստացավ տուգանային հարվածի իրավունք, եւ Լոնդոնի «Չելսիի» 31-ամյա պաշտպան Կալիդու Կուլիբալին խփեց հաղթական գոլը։

Սենեգալը 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 2002 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա փլեյ-օֆֆում։ Էկվադորը 4 միավորով երրորդն է եւ ավարտեց պայքարը։ Քաթարի թիմը երեք պարտություն կրեց։

ԱԱ-2022, երրորդ տուր

A խումբ

Նիդեռլանդներ - Քաթար՝ 2:0 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 26, Ֆրենկի դե Յոնգ, 49

Էկվադոր - Սենեգալ՝ 1:2 (տեսանյութ)

Մոյսես Կայսեդո, 68 -  Իսմաիլա Սառ, 44, 11մ, Կալիդու Կուլիբալի, 70

Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ` 7 միավոր, Սենեգալ` 6, Էկվադոր` 4, Քաթար` 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով